Apple-ն արգելափակում է ոստիկանության կողմից աֆրոամերիկացիների նկատմամբ դաժանությունների դեմ բողոքի ցույցերի ընթացքում անկարգությունների ժամանակ ընկերության խանութներից գողացված iPhone սմարթֆոնները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով CNN-ը:

Հաղորդվում է, որ ընկերությունը գողացված սմարթֆոններին նախազգուշացում է ուղարկում սարքը խանութը վերադարձնելու խնդրանքով եւ հասցեով: «Սարքը արգելափակված է եւ հետեւվվում է: Տեղական իշխանությունները նախազգուշացվել են»,- մեջբերում է հեռուստաընկերությունը  հաղորդագրությունների բովանդակությունը:

Մայիսի կեսից Apple-ը բացել էր իր տասնյակ խանութներն ԱՄՆ-ում, որոնք ժամանակավորապես փակվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով: Թալանվել են Նյու Յորքի, Ֆիլադելֆիայի եւ Վաշինգտոնի խանութները:

Վերջին օրերին Մինեսոտայում եւ շատ այլ նահանգներում զանգվածային բողոքի ցույցեր եւ անկարգություններ են տեղի ունենում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ: CNN- ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում ցույցերի և անկարգությունների ընթացքում 9.839 մարդ է ձերբակալվել: