ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 4-ի նիստում հաստատեց Հանրային ծառայողներին բնակարանով ապահովման նպատակով Երեւանի Ադոնցի փողոցի N19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների եւ ավտոկայանատեղիների վաճառքի կարգը:

Նշվում է, որ նշված համալիրի թվով 619 բնակարաններից սույն որոշմամբ սահմանված կարգով վաճառքի ենթակա են թվով 345 բնակարան, որոնք այս որոշման մեջ նշված շահառուներին են կհանձնվեն 2 փուլով. մինչեւ 2023 թվականի ապրիլի 1-ը՝ թվով 200 եւ մինչեւ 2023 թվականի օգոստոսի 1-ը՝ թվով 145 բնակարան:

Շենքային համալիրի բնակարանների եւ ավտոկայանատեղիների բաշխման ու վաճառքի աշխատանքները ՀՀ անունից՝ կազմակերպում եւ ղեկավարում է Քաղաքաշինության կոմիտեն:

Այդ 345 բնակարաններից չբաշխված բնակարանների վերաբերյալ Կոմիտեի կողմից գրավոր տեղեկատվություն ստանալուց հետո Կառուցապատողն իրավունք ունի ինքնուրույն, իր հայեցողությամբ, առանց պետության կամ որեւէ այլ անձի նախնական համաձայնության օտարել այդ չբաշխված բնակարանները։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանն ասաց, որ այս ծրագրի մասով պետությունը որեւէ ֆինանսական պարտավորություն չունի. «Պետության դերն առավելապես կազմակերպչական եւ վերահսկողական է լինելու: Պետության մասնակցության բաղադրիչը երաշխավորված պահանջարկի ապահովումն է եւ եկամտահարկի վերադարձն է որպես նորակառույց բնակարանի ձեռքբերում: Ծրագրի շահառուները հանրային պաշտոն զբաղեցնող անձինք են, որոնց աշխատավայրը գտնվում է Երեւանում: Շահառու լինելուն կարող են հավակներ նաեւ ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության աշխատակիցները, այլ երկրներում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձինք:

Բնարականների մեկ քմ-ի արժեքը ներքին հարդարմամբ 345 հազար դրամ է, իսկ առանց ներիքն հարդարման՝ 310 հազար դրամ: Ավտոկայանատեղիի արժեքը 2,5 մլն դրամ է: Կանխավճարը 10 տոկոս է, իսկ վարկի մարման ժամկետը մինչեւ 20 տարի է: Վարկի տոկոսադրույքը 10 է: Բնակարաններն ու ավտոկայանատեղիները բաշխվելու են վիճակահանությամբ: Ավտոկայանատեղիների ձեռքբերումը կամավոր է:  Շինարարությունը սկսվելու է մոտ օրերս: