ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 4-ի նսիտում որոշում կայացրեց ոռոգման նպատակով Սեւանա լճից 2020 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչեւ 170 մլն խմ:

Որոշման մեջ նշվում է, որ թույլ է տրվում ՏԿԵ նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝ կախված եղանակային պայմաններից՝ Սեւանա լճից ոռոգման նպատակով իրականացվող ջրառի չափաքանակի շրջանակներում կատարել ծավալային եւ ժամկետային փոփոխություններ:

Նույն որոշմամբ սահմանվեց, որ Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչեւ Երեւանյան լիճը, գետի հունով, յուրա¬քանչ¬յուր ամսվա 15-ին եւ 30-ին բաց թողնել մեկ ժամով նախազգուշական ելք` 2.0 մ3/վրկ եւ երկու ժամով հիմնական ելք` 5.0 մ3/վրկ, ընդամենը տարեկան` 0.65 մլն մ3:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրառաջարկի դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ: 

Սեւան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերից 2020 թվականի ոռոգման շրջանում, ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 31 հազ հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում եւ Հրազդան գետի հունի լվացման (Աղբյուրակի ջրամբարից մինչեւ Երեւանյան լիճ) նպատակով գետի հունով բացթողնվող ջրի ծավալը կկազմի շուրջ 463 մլն մ3:

Նշված ծավալի ջրի պահանջարկը նախատեսվում է ապահովել Հրազդան գետից շուրջ 135,0 մլն մ3, Ազատի ջրամբարից շուրջ 41,0 մլն մ3, Ապարանի ջրամբարից շուրջ 12,0 մլն մ3  ջրաքանակներով:

Միաժամանակ նախատեսվում է Մխչյանի եւ Ռանչպար-Արեւշատ պոմպակայանների առավելագույն հզորությամբ գործարկմամբ ապահովել շուրջ 55 մլն մ3 ջրարտադրություն (ընդամենը՝ 243 մլն մ3):

Պահանջարկի եւ վերը նշված ջրային օբյեկտներից հնարավոր ջրառի՝ ջրառաջարկի տարբերությունը կազմում է շուրջ 220 մլն մ3, սակայն, ՀՀ կառավարության սույն որոշման նախագծով նախատեսվել է լճից ոռոգման նպատակով մինչեւ 170 մլն մ3 ծավալով բացթողում:

Այսպիսով, ոռոգման հաշվարկված ջրապահանջի (շուրջ 463 մլն մ3) եւ հնարավոր ջրառաջարկի (243+170=413 մլն մ3) տարբերությունը (դեֆիցիտ) կազմում է շուրջ 50 մլն մ3, որտեղ հաշվի չեն առնվել ամառային ամիսների եղանակային պայմանների հնարավոր փոփոխությունները:

Հանձնարարվել է ոռոգման ջրամատակարարում իրականացնող համապատասխան կազմակերպություններին՝ ուսումնասիրել այլընտրանքային ջրաղբյուրներից ջրամատակարարման հնարավորությունները՝ նշված շուրջ 50 մլն մ3 դեֆիցիտը մեղմելու նպատակով: