Արցախում հայկական ոչ մի հեռուստաալիք չի փակվել, և վերջին օրերին բոլոր շահարկումներն այս առումով ուղղակի անընդունելի են: Այս մասին այսօր՝ հունիսի 4–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Տեխնիկական խափանման պատճառով մի շարք հեռուստաալիքների ազատ հեռարձակումը (անվճար) «Արցախ կապ» ՓԲԸ կողմից ընդամենը ժամանակավորապես դադարեցվել է: Դրանում քաղաքական ենթատեքստ տեսնողներին խորհուրդ կտամ ավելի օգտակար գործով զբաղվել: Բարի օր եմ մաղթում բոլորիս»:

Հիշեցնենք, որ մամուլում հրապարակում էր եղել, որ Արցախում դադարեցվել է հայկական 5 ալիքի հեռարձակումը, որոնց թվում են «5-րդ ալիքը», «Շողակաթը», «Ա ԹԻ ՎԻ» հեռուստաընկերությունը: