Սմարթֆոնը գաղտնալսելու մի քանի նշաններ կան, տարածվածներից մեկն է, երբ գաջեթի մեջ առկա է կողմնակի հավելված, որը տերն ինքը չի տեղադրել: Այս մասին հայտնում է «Փրայմ» գործակալությունը՝ վկայակոչելով TelecomDaily տեղեկատվավերլուծական գործակալության ղեկավար Դենիս Կուսկովին:

Կուսկովի խոսքով՝ գոյություն ունեն գաղտնալսման մի քանի տեսակներ, որոնց թվում են օրինական եւ անօրինական տեսակները: Փորձագետը նշել է, որ դա պարզելը հեշտ չէ, քանի որ նման մեքենայությունների համար օգտագործվում է թանկարժեք սարքավորում:

«Դրանից բացի, եթե տեսնում եք, որ հեռախոսն ապրում է սեփական ինչ-որ կյանքով՝ միանում-անջատվում է, երբ ձեռք չեք տալիս, ապա միանգամայն հնարավոր է, որ սա եւս այն բանի նշանն է, որ գործարկված է գաղտնալսելու ծրագիրը: Հեռախոսը տաքանում է, երբ այն չեք օգտագործում. նման խնդիրներ պատահում են մարտկոցի, ծրագրային ապահովման պատճառով, բայց եթե ձեռք չեք տալիս, ապա այն պետք է լինի նորմալ ջերմաստիճանում»,- պարզաբանել է Կուսկովը:

Նաեւ եթե ձեր սմարթֆոնի մարտկոցն անչափ արագ է լիցքաթափվում, նշանակում է ֆոնային ռեժիմում աշխատում է ինչ-որ ծրագիր, սա նույնպես պետք է պարզել: Դրա համար նվազագույնը անհրաժեշտ է կատարել այն ծրագրերի աուդիտ, որոնք տեղադրված են սմարթֆոնում:

«Անհրաժեշտ է նաեւ տեղադրել հատուկ ծրագրեր, որոնք դադրեցնում են նման հավելվածների աշխատանքը: Եթե դրանից չեք հասկանում, գնացեք սպասարկման կենտրոն, որտեղ ձեզ կօգնեն անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է»,- ամփոփել է փորձագետը: