Առաջարկում եմ մեկ շաբաթով կամ 10 օրով հետաձգել մեկ ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որպեսզի այն պատշաճ կերպով քննարկվի նախարարների կաբինետի հետ եւ նոր առաջարկները հաշվի առնելուց հետո նորից ներկայացվի խորհրդարանի քննարկմանը, բայց՝ արդեն լրացված տեսքով: Այս մասին հունիսի 4-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի երկրորդ եւ վերջին ընթերցմամբ քննարկմանն ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

Այս կապակցությամբ նա իր գործընկերներին հորդորեց «դեմ» քվեարկել իր իսկ ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը:
Նշենք, որ, օրինագծի համաձայն, մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիները, ովքեր իրենք էին իրենց աշխատանքով ապահովում կամ վարձու աշխատողներ են, եւ որոնք մեկուսացված կամ ինքնամեկուսացված են եղել պարետի որոշմամբ, առաջարկվում է նպաստներ տրամադրել: Ընդ որում, այն քաղաքացիները, ովքեր աշխատել են հեռավար կարգով, գտնվել են հարկադիր արձակուրդում եւ որոնց աշխատավարձը վճարվում էր, ինչպես նաեւ նրանք, ով խախտել է ինքնամեկուսացման եւ մեկուսացման պայմանները, չեն կարողանա օգտվել այս արտոնություններից: Այս ծրագրի իրագործման համար նախատեսվում էր պետբյուջեից մոտ 400 միլիոն դրամ հատկացնել: Նախնական հաշվարկներով՝ շահառու կարող էր դառնալ շուրջ 20 հազար մարդ:

Այնուամենայնիվ, «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների պատգամավորները գովեցին Զեյնալյանին օրենսդրական նախաձեռնության համար եւ հայտարարեցին, որ իրենք ամեն դեպքում «կողմ» կքվեարկեն՝ հայրենակիցներին սատարելու համար: