ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 4-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգավման մասին» նամակ-համաձայնագրին, որը դեռ պետք է գնա Սահմանադրական դատարան եւ Ազգային ժողով:

Խոսքն, ըստ էության, ԱՄՀ-ից նոր վարկային միջոցներ ներգրավելու մասին է:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն իր խոսքում նշեց, որ անցյալ տարեվերջին բոլոր կանխատեսումներով ավելի քան 170 երկրներում ենթադրվում էր աճ, մինչդեռ ապրիլին վերանայված կանխատեսումների համաձայն գնահատվում է, որ այդ երկրներում կլինի անկում, համաշխարհային տնտեսության մոտ 3,5 տոկոս անկման ցուցանիշ է կանխատեսվել:

«Հետեւաբար այս իրավիճակը չի կարող իր ազդեցությունը չունենալ նաեւ մեր բյուջեի ցուցանիշների վրա: Ենթադրվում է, որ անկումը կհանգեցնի հարկային եկամուտների նվազման, ինչն էլ իր հերթին կհանգեցնի դեֆիցիտի մեծացման՝ ծախսերի նույն մակարդակը պահպանելու դեպքում:

Դեֆիցիտի ֆինանսավորման համար անհրաժեշտ է փոխառու միջոցների ներգրավում, հետեւաբար դա ավտոմատ կհանգեցնի պարտքի աճի:

Այս ամբողջ ընթացքում մենք մենակ չենք եղել մեր խնդիրների հետ. մեզ ուղեկցել են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ներդրումային հանրույթը եւ պատրաստակամությունն ունեն անհրաժեշտության դեպքում նաեւ փոխառու միջոցներ տրամադրել:

Կոնկրետ այս նախագծով մենք շարունակում ենք երկարատեւ համագործակցությունը ԱՄՀ-ի հետ: 2019-ին մենք ԱՄՀ-ի հետ ծրագիր ենք հավանության արժանացրել, որը գնահատվում է որպես կանխարգելիչ եւ ենթադրվում էր, որ միայն արտաքին ցնցումների դեպքում՝ կօգտվենք ԱՄՀ-ի կողմից մեզ տրամադրվելիք վարկի հնարավորությունից: Մինչդեռ համավարակը հաշվի առնելով մենք մարտի վերջին, ապրիլի սկզբին հեռավար կարգով ավարտեցինք բանակցությունների հերթական փուլը, վերանայվեց ծրագիրը: Դրա շրջանակում համաձայնություն ձեռք բերվեց որ ավելի մեծ չափով կարող են այդ միջոցները հասանելի լինել: Մոտավորապես 315 մլն դոլարին համարժեք, որից 280 մլն դոլարի չափով արդեն իսկ հասանելի են: Դա կօգտագործվի ոչ թե վճարային հաշվեկշռի համար, այլ կօգտագործվի բյուջետային ծրագրերի ֆինանսավորման համար, այսինքն որպես բյուջետային աջակցության վարկ»,-ասաց նախարարը:

Ըստ էության, այս համաձայնագրի արդյունքում ներկա պահին Հայաստանի համար հասանելի են ընդհանուր առմամբ շուրջ 206 մլն ՀՓԻ (280 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային միջոցներ, եւ եւս 25․714 մլն ՀՓԻ (35 մլն ԱՄՆ դոլար) հասանելի կդառնա ծրագրի երրորդ վերանայման արդյունքում։