ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը զարմացած է, թե ինչու է կառավարությունը  եւ «Իմ քայլը» խմբակցությունը համաձայնություն չեն եկել Նարեկ Զեյլանյանի բերած նախագծի շուրջ, որով առաջարկվում է աջակցություն տրամադրել պետության կողմից ցուցումով մեկուսացածներին, որ հիմա պատգամավորն առաջարկում է հետ կանչել այն։

«Մենք կողմն ենք, այդ մարդիկ ստացան դրական ազդակ, որ իրենք մենակ չեն, որ երբ իրենք մեկուսացվել են, պետությունը իրենց մասին հոգ է տանում, կատարում է իր պոզիտիվ պարտականությունը։ Այս ամբիոնից կառավարության ներկայացուցիչները ամենաբարձր մակարդակով ասել են՝ փողի խնդիր մենք չունենք։ Հիմա ինձ համար հասկանալի չէ, թե ինչու ձեր կառավարության հետ, մեր կառավարության հետ, էս հարցը մինչեւ այստեղ գալը չեք քննարկել, չեք եկել համաձայնության։ Բոլորս էլ հասկանում ենք, որ սա ջրելու տարբերակ է, որովհետեւ այո, այնպիսի բարձիթողի վիճակ է, որ չգիտենք՝ վաղը ինչ թվեր կունենանք, պետությունը պարտավոր է այդ մարդկանց մասին հոգ տանելու»,- այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ արտահերթ նիստին իր ելույթում ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ քննարկվում է «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։