«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ԱԺ ամբիոնից համախմբվածության կոչ արեց բոլորին՝ երկրում առկա համավարակով պայամանավորված։

«Այստեղ խրամատից, պատերազմական իրավիճակից, խուճապից շատ խոսեցինք։ Շատերը չեն էլ պատկերացնում, թե խրամատում ինչ է եղել։ Ես իմ քաղաքական գործունեությունը վերլուծել եմ պատերազմական ժամանակաշրջանի հետ։ Այսօր ուզում եմ ասել, որ ԱԺ-ն ոնց որ մեր ՀՀ Գենշտաբը լինի, որովհետեւ այստեղ ամենահասանելի տեղն է, որ մարդիկ միանգամից լսում են»,- ասաց պատգամավորը։

Սասուն Միքայելյանը հորդորեց խուճապի չմատնվել. «Կա պրոբլեմ, կա երկրում ստեղված իրավիճակ, պատերազմական ժամանակաշրջանում ինչքան է պլանավորած հարձակում լինի, մեկ է իրավիճակի դեպքում հրամանատարն է որոշում, թե որ ուղղությամբ գնան։ Դրա համար մենք մեր ժողովրդին պանիկայի մեջ ենք գցում։ Մենք պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի»։

Պատգամավորն ասաց, որ գուցե նախարարությունն ու Կառավարությունն այդ հարցում ունեցել են թերացումներ, սակայն վայրկյան առ վայրկյան իրավիճակ է փոխվում եւ պետք է համախմբվածություն ցուցաբերել.

«Երկրում կա իրավիճակ, որը պետք է կարգավորվի։ Գուցե կան թերացումներ նախարարության կողմից կամ Կառավարության կողմից։ Բայց այս շրջանում, որտեղ վայրկյան առ վայրկյան բան է փոխվում, չես կարողանում տիրապետել, ապա պետք է կամաց-կամաց հետեւես դրան։ Եթե ուզում ես թշնամուդ վնասազերծել, ապա պետք է նրան թեք քայլես։ Եկեք համախմբենք, լուրջ իրավիճակ է»։