Ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու առաջարկի մասին լսել եմ, բայց կարծում եմ, որ եթե նման առաջարկ կա, պարոն Վանեցյանը կարող է ասենք «Սասնա ծռեր»-ի, ՀՀԿ-ի հետ քննարկի եւ կոնկրետ առաջարկ ներկայացնի: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ի, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ես խոսք եմ տալիս այդ առաջարկը հնարավորության դեպքում՝ հնչեցնել մեր վարչության նիստի ժամանակ»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանի խոսքով, ազգային համաձայնության կառավարության առաջարկը ոչ թե պետք է մի քաղաքական ուժ անի, այլ դա պետք է քաղաքական տարբեր ուժերի կողմից արվի. «Եթե այդպիսի առաջարկ կա, ես առաջարկում եմ բոլոր արտախորհրդարանական կուսակցություններին, այն է «Սասնա ծռերը», ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, Վանեցյանը կարող են միասին հավաքվել, կարող են  նաեւ «Վերնատան» մասնակիցներին ներգրավել»:

Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե կազմակերպված շարժում է եղել եկեղեցու դեմ, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Երբեւիցե Հայաստանի Հանրապետությունում Հայ առաքելական եկեղեցու հանդեպ որեւիցե մի ուժ որեւիցե անձնավորություն շարժում չի սկսել: Նման տեղեկությունների պարագայում ճիշտ կլիներ դրանք հրապարակել, ոչ թե վերացական բաներ ասել: Արթուր Վանեցյանը ասում է բաներ, որոնք կարծում եմ՝ գտնում է ճիշտ, որ ասի եւ մարդկանց մոտ համակրանք վայելի, որ մարդկանց մոտ էմոցիոնալ, ազգայնական նուրբ զգացմունքներ արթնացնի: Իր քաղաքական ընտրությունն է կարող է խոսել հայրենիք, Սփյուռք, եկեղեցի, Հայաստանի Հանրապետություն եւ այլն.. իր լեքսիկոն է, ազատ է, ինչ լեքսիկոնով ուզում է, թող խոսի»: