Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության եւ օգտագործման դեմ հետեւողական պայքարը:

Օրերս հերթական դեպքը ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները բացահայտեցին: Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Նոր Կյուրին գյուղի մի բնակիչ իր տանը թմրամիջոց է ապօրինի պահում:

Մայիսի 23-ին, ստացված տեղեկություններն իրացնելով, իրավապահները խուզարկությամբ նշված տան հյուրասենյակից հայտնաբերեցին յուրահատուկ հոտով, չորացված մանրացված զանգված:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ բուսական զանգվածը կանեփից պատրաստված թմրամիջոց է եւ պատկանում է տանտիրոջ` Երեւանում բնակվող 27-ամյա ընկերոջը:

Նույն օրը կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: