ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին եւ իր որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին մեղադրանք առաջադրելն ունի քաղաքական ենթատեքստ։ Այս մասին antifake.am-ի հետ հարցազրույցում ասել է Ռաֆիկ Հայրապետյանը։

Ռաֆիկ Հայրապետյանը նախ պատմել է 2016 թվականին «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի շուրջ տեղի ունեցածի նախապատմությունը.

«2016 թվականի հունվար-փետրվար ամիսներին իմացանք, որ հորս մոտ ախտորոշվել է չարորակ ուռուցք։ 2016 թվականի մայիսին մենք ընտանիքով մեկնեցինք Գերմանիա, որպեսզի հորս վիրահատեն։ Այնտեղ ենք մնացել մոտ մեկ ամիս։ Երբ արտասահմանից վերադարձանք, ես սկսեցի զբաղվել մեր ընտանիքին պատկանող ընկերություններով եւ նկատեցի, որ Սեւանի «Հարսնաքար» հյուրանոցում կան ֆինանսական խնդիրներ։ Տնօրենը, մեր բացակայության ընթացքում, կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, ընկերության անունով վերցրել է վարկեր, կանխիկացրել այն՝ ծոփ կյանքը կազմակերպելու համար. գնել է տաքսի սերվիս, տունն է նորոգել, ընկերուհու վրա է ծախսել։ Ունեի նաեւ պայմանագիր մոտ 70 միլիոն դրամի եւ նա պատրաստվում էր այդ գումարը նույնպես վերցնել եւ անհետանալ։ Նրա տանեցիները եկան եւ խնդրեցին, որպեսզի մենք իրավապահներին չդիմենք, քանի որ ունի հիվանդություններ եւ բանտում չի կարող մնալ։ Ես տրվեցի այդ զգացմունքային խոսքերին եւ չդիմեցինք իրավապահ մարմիններին, ինչի համար զղջում եմ։ Մեր մեծահոգություն աշխատացնում են մեր դեմ։ Նրանք գումարի որոշակի չափ վերադարձրին, սակայն մինչեւ օրս էլ դեռ մնացել են ինչ-որ չափով գումարներ»։

Հայրապետյանը հայտնել է, որ այդ գործով ինքը ներկայացել է քննչական մարմին, տվել է ցուցմունք։

Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին ասել է.  «Հոդվածներից մեկը, որով մեղադրվում եմ դա այն է, որ ես ազատությունից իրեն զրկել եմ։ Թե իրեն նախորդող, թե իրեն հաջորդող տնօրենները կարող են փաստել, որ ամառվա ամիսներին այնքան ծանրաբեռնված է այնտեղ աշխատանքը, որ նրանք ամսվա մեջ 2 կամ 3 անգամ են վերադառնում Երեւան։ Նրանք ֆիզիկապես չեն հասցնում եւ ես՝ ինքս այնտեղ եմ լինում ամռանը։ Եվ դա ներկայացնում է ազատությունից զրկվել»։

Նա նշեց, որ դատարանը չի հաստատել այն մեղադրանքները, որ մեղսագրվում իրեն եւ Ռուբեն Հայրապետյանին. «Ես չեմ կարծում, որ պատշաճ է մեկնաբանել, որ մենք խուսափում ենք քննությունից։ Այս քրեական գործով ինձ փորձում են նկարագրել շատ անմարդկային կերպով, ինչ-որ մի մարդ, որը հրեշի նման փորձում է ծնողների եւ ընտանիքի անդամների մոտ ստորացնել։ Այդպիսի բան չի եղել, դա խեղաթյուրված է»։

Նա նշել է, որ հոր՝ Հայաստան վերադառնալն այս պահին անհնար է. «Առիթից օգտվելով որ հայրս այստեղ չի անընդհատ փորձում են ծանուցումներ ուղարկել, որ ներկայանա քննչական մարմին եւ տա բացատրություն, դա ֆիզիկապես անհնար է։ Հայրս ներկայացրել է գրեթե բոլոր անհրաժեշտ բժշակական թղթերը, որպեսզի ՔԿ-ն հասկանա՝ անհնար է դա իրականցնել։ Մոտ 2.5 ամիս առաջ հայրս մեկնեց արտասահման՝ բուժվելու նպատակով, սակայն կոոնավիրուսով պայմանավորված չկարողացավ վերջնական իր բուժման երկիր հասնել եւ մնաց Մոսկվայում։ Հայրս ուղեկցող հիվանդություններ ունի եւ Մոսկվայի քաղաքապետի հրամանով այնտեղ գտնվող բոլոր մարդիկ պահեն կարանտինային ռեժիմ: Հայրս հայտնել է իր բնակության վայրը եւ ասել է, թե երբ կարող է վերադառնալ։ Անգամ եթե ցմահ դատապարտեն, հպարտության զգացումը այն, որ ես Հայրապետյան Ռուբենի որդին եմ, մի գրամով չի կարող պակասել իմ մեջ»։

Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանին եւ նրա որդուն՝ Ռաֆիկ  Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով, 133-րդ հոդվածի (ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով եւ 322-րդ հոդվածի (ինքնիրավչությունը) 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել։ Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ որդու խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։

Հիշեցնենք նաեւ, որ դեռեւս 2019-ի թվականին Ռուբեն Հայարպետյանի նկատմամբ 4 հոդվածով քրեական գործ էր հարուցվել։ Դրանք են` 315-րդ հոդվածի 2-րդ մաս (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մաս (խոշոր չափերով յուրացում), 325-րդ հոդվածի 2–րդ մաս (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) եւ 214-րդ հոդվածի 2-րդ մաս  (առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը):