«Գազպրոմ Արմենիայի» սակագնի բարձրացման հայտով աշխատավարձային ֆոնդը պետք է կազմի 18,9 մլրդ դրամ՝ 6954 աշխատակիցների դեպքում: Բայց ՀԾԿՀ-ն նախատեսում է, որ աշխատավարձային ֆոնդը կազմի 14,7 մլրդ դրամ՝ 5383 աշխատակցի դեպքում: Այս մասին հունիսի 4-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկման ժամանակ ասաց Հանձնաժողովի անդամ Կամո Սարգսյանը:

Նա հավելեց, որ «Գազպրոմ Արմենիայի» տվյալներով՝ անհրաժեշտ շահույթը պետք է կազմի 234,65 մլրդ դրամ, իսկ ՀԾԿՀ տվյալներով՝ 221 մլրդ դրամ: «Նախատեսվում է կորուստների կրճատում 1,62 տոկոսային կետով: Ընկերության տվյալներով՝ նյութական ծախսերը կազմում են 11,4 մլրդ դրամ, ՀԾԿՀ տվյալներով՝ 7 մլրդ դրամ: Սպառողին վաճառվող գազի միջին գինը, ՀԾԿՀ առաջարկով, նախատեսված է 266,71, ներառյալ ԱԱՀ-ն՝ 44,45 դոլար, Ռուսաստանից գազի ներմուծման ծախսերը՝ 165 դոլար, սահմանից վերջնական սպառողին գազի փոխադրման ծախսերը՝ 9,37 դոլար, ընկերության մարժան՝ 47,89 դոլար»,- շեշտեց պաշտոնյան:

Նա նշեց, որ ռեզիդենտ բաժանորդների համար առաջարկվում է գործող սակագինը թողնել անփոփոխ՝ 139 հազար դրամ 1000 խորանարդ մետրի դիմաց, իսկ սոցիալապես խոցելի խմբերի համար՝ 100 հազար դրամ 1000 խորանարդ մետրի դիմաց:

«Ջերմոցային տնտեսությունների, պահածոներ, ըմպելիքներ եւ կաթնամթերք արտադրողների համար առաջարկվում է գազի սակագինը բարձրացնել 1000 խորանարդ մետրի դիմաց 212-ից մինչեւ 224 դոլար: Ջերմաէլեկտրակայաններին վաճառվող բնական գազի գինը ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետրի դեպքում կմնա նույնը՝ 139 հազար դրամ 1000 խորանարդ մետրի դիմաց: Ամսական 10 հազար խորանարդ մետրից ավելին օգտագործող սպառողների համար գինը կհաստատվի 255,92 դոլար չափով»,- նշեց Սարգսյանը:

ՀԾԿՀ զարգացման եւ մոնիթորինգի վարչության պետ Սերգեյ Աղինյանն իր հերթին հայտարարեց նորմատիվ հաշվարկներով գնի հիմնավորման աննպատակահարմարության մասին, որոնք, նրա խոսքով, երբեք չեն աշխատել: