Հայաստանում կորոնավիրուսից մահացած անձանց տվյալների արտահոսքի առնչությամբ Առողջապահության նախարարությունն ԱԱԾ է դիմել։ Այդ լուրը NEWS.am-ին հաստատեց ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նշենք, որ կորոնավիրուսից մահացած 132 անձանց անուններն ու անձնական մյուս տվյալները հրապարակելու փաստով ՀՀ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ ՔՕ-ի 144-րդ հոդվածով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու դեպքի առթիվ:

Հիշեցնենք, որ Facebook-ում «Զնդան» անունով օգտատերը հրապարակված հոդվածին է կցել կորոնավիրուսային համավարակից մահացած անձանց ցուցակների տեսապատճենները։ Ցուցակներում նշված է եղել 132 մահացած անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, մահվան օրը, հասցեն եւ բժշկական հաստատության մասին տվյալներ։