ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է այլ անձի անվամբ խարդախությամբ ձեւակերպված վարկի գումարը բանկից հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Մինչդատական վարույթում իրականացված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ խարդախության մեխանիզմը:

Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ 2019 թվականի ապրիլին 35-ամյա տղամարդը սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է Երեւան քաղաքի բնակչուհու հետ եւ տեղեկանալով աշխատանքի ընդունվելու նրա մտադրության մասին՝ խոստացել է օժանդակել վերջինիս եւ իր մոտ աշխատանքի տեղավորել: Այնուհետեւ կնոջ վստահությունը ձեռք բերելով՝ նրա նույնականացման քարտի պատճեն վերցրել է եւ բանկից խարդախությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ, իր տրամադրության տակ առկա նույնականացման քարտի պատճեով հայաստանյան բանկերից մեկում, առցանց տարբերակով, վերջինիս անվամբ ձեւակերպել վարկ է՝ 1.000.000 ՀՀ դրամի չափով:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տղամարդը բանկային քարտն ստացել է քննությամբ ինքնությունը դեռեւս չպարզված անձի միջոցով եւ ինչպես տվյալ բանկին, այնպես էլ՝ այլ բանկին պատկանող բանկոմատներից կանխիկացման եղանակով խարդախությամբ հափշտակել խոշոր չափերի՝ 1.000.000 ՀՀ դրամ գումարը

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35–ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետով եւ 326-րդ հոդվածով (պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելը կամ իրացնելը), իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նրա վերաբերյալ քրեական գործի մասն անջատվել է առանձին վարույթ, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: