Պակիստանում ամուսնական զույգը փախած թութակի պատճառով սպանել է 7-ամյա աղջկան։ Ինչպես հայտնում է AFP-ը, Հասան Սիդիկին եւ նրա կինը վարձել են Զոհրա Բիբիին, որպեսզի նա խնամի նույն տարիքի իրենց որդուն։

«Խեղճ աղջկան խոշտանգումների են ենթարկել, նրանք մեղադրել են նրան, որ ազատել է չորս սիրելի մակաո-թութակներից մեկին,- AFP-ին ասել է քննիչ Մուխթար Ահմադը,- Սիդիկին մտրակել է նրա որովայնի ստորին հատվածը, ինչը մահվան պատճառ է դարձել»։

Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներով՝ մոտ 8,5 մլն մարդ, այդ թվում՝ շատ երեխաներ, Պակիստանում աշխատում են որպես տնային սպասավորներ։

Տեսականորեն արգելվում է աշխատանքի վերցնել մինչեւ 15 տարեկան որեւէ մեկին, սակայն Պակիստանում դա սովորական բան է։

Ամուսնական զույգը կիրակի օրը Զոհրային տարել է հիվանդանոց, սակայն նա հաջորդ օրը մահացել է։ Միջադեպի մասին ոստիկանությանը հիվանդանոցի ախատակիցներն են հայտնել։ Ամուսինները կալանավորվել են։