Եթե դիտարկենք այս բոլոր բամբասանքներն ու հակագիտական արտահայտությունները, որոնք գոյություն ունեն, ապա՝ այո, դա հանգեցնում է մարդկանց միջեւ թշնամանքի բռնկման: Մտահոգիչ է, որ այսպիսի ժամանակ թվային գործիքներն օգտագործվում են այս ամբողջ խելահեղության համար: Այս մասին BBC-ի հետ հարցազրույցում ասել է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը՝ մեկնաբանելով դավադրությունների տեսությունները, որոնց հերոսն է նա դարձել կորոնավիրուսի համավարակից հետո:

Ամբողջ աշխարհում կան այն գաղափարի կողմնակիցներ, որ հիվանդությունը հայտնվել ու տարածվել է նրա շնորհիվ: Նրանք կարծում են, որ միլիարդատերը ցանկանում է միլիարդավոր մարդկանց մեջ միկրոչիպեր ներդնել եւ արդյունքում կրճատել երկրագնդի բնակչության թվաքանակը:

«Երբ վերջին հաշվով մեզ մոտ պատվաստանյութը հայտնվի, անհրաժեշտ կլինի հասնել խմբային իմունիտետի ձեւավորման, որ բնակչության մոտ 80 տոկոսը պատվաստվի: Բայց եթե նրանք մտածեն, որ սա խաբեություն է կամ պատվաստանյութերը վնասակար են, եւ մարդիկ չցանկանան պատվաստվել, ապա հիվանդությունը կշարունակի մարդկանց սպանել:

Այնպես որ, այս բոլոր խելահեղ գաղափարների գոյությունն ինձ մի փոքր մտահոգում է: Եվ ինձ մի փոքր զարմացնում է, որ այդ տեսությունների մի մասն իմ մասին է: Մենք փող ենք նվիրաբերում գործիք ստեղծելու համար, մենք չեկեր ենք գրում դեղագործական ընկերությունների համար: Այնպես է ստացվել, որ մեր հիմնադրամում դեղագործական ոլորտի մասնագետներ շատ կան, եւ մեզ ազնիվ միջնորդ են համարում կառավարության ու ընկերությունների միջեւ այն ամենում, ինչն առնչվում է լավագույն մեթոդի ընտրությանը»,- նշել է նա:

«Եթե խոսենք ծաղկախտի դեմ պատվաստանյութի մասին, ապա այն սպի է թողել, քանի որ շատ հզոր է, եւ մարդկանց բազմության մեջ կարելի է տեսնել այդպիսի պատվաստմամբ մարդկանց: Հիվանդությունից լիովին ազատվելու համար անհրաժեշտ էր, որ բոլորը պատվաստվեն: Հետեւաբար կարելի է ասել, որ հրաշք տեղի ունեցավ, քանի որ 1980 թվականին այս հիվանդությունը հաղթահարված ճանաչվեց: Այնպես որ, կամավորության կարգով գրանցվելու մասին խոսելու դեպքում այո, մենք մտածում ենք այն մասին, թե երեխաներին ինչպես պաշտպանենք հիվանդությունից, բայց դա չի ենթադրում ինչ-որ չիպեր կամ դրա նման ինչ-որ բան: Որոշ տեսությունների պատճառով երբեմն ծիծաղելու ցանկություն է առաջանում»,- ասել է Բիլ Գեյթսը: