Ֆիջին իրեն COVID-19-ից զերծ է հռչակել այն բանից հետո, երբ կղզի պետության վարակված վերջին պացիենտն ապաքինվել է, փոխանցում է AFP-ն:

930 հազար բնակիչ ունեցող Ֆիջիում խուճապ էր, երբ մարտի կեսին հայտարարվեց կորոնավիրուսի առաջին դեպքի մասին, բայց մեկուսացման խիստ միջոցառումները եւ սահմանապահ վերահսկողությունը զսպեցին վարակը, որն իր գագաթնակետին հասավ 18 հաստատված դեպքով:

Ֆիջիի վարչապետ Ֆրանկ Բայնիմարաման հայտարարել է, որ երկրի հաջողությունը «պատասխանն է աղոթքներին, ծանր աշխատանքին եւ գիտության հաստատմանը»: «Եվ անգամ այն պարագայում, որ թեստերի թիվն օրեցօր աճում է, 45 օր է անցել այն ժամանակից, երբ մենք գրանցեցինք վերջին դեպքը: Մահվան դեպքերի բացակայությամբ ապաքինման մեր ցուցանիշը կազմում է 100 տոկոս»,- ասել է նա:

Նախապես խախղաղօվկիանոսյան կղզիները համարվում էին աշխարհում վիրուսի հանդեպ ամենախոցելիներից մեկը՝ առողջապահության ենթակառուցվածքներում ռեսուրսների անբավարարության եւ հիվանդությունների բարձր մակարդակի պատճառով, ինչպիսին են դիաբետը եւ սրտի հիվանդությունները: Մտավախություններ կային նաեւ, որ աշխարհագրական մեկուսացումը կարող է կղզիները վերածել ինֆեկցիայի ինկուբատորի:

Սակայն տարածաշրջանի երկրներն արագ գործեցին եւ թանկ գին ունեցող որոշում ընդունեցին՝ փակել սահմաններն ու արգելել տնտեսությանն աջակցող զբոսաշրջությունը, որպեսզի պաշտպանեն իրենց բնակչությանը:

Արյունքում շատ կղզիներ չգրանցեցին այս վիրուսով վարակման ոչ մի դեպք, ներառյալ Պալաուն, Տոնգան, Սողոմոնյան կղզիները, Սամոան, Մարշալյան կղզիները, Վանուատուն, Կուկի կղզիները եւ Միկրոնեզիան: