Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Իտալիայի, Մալթայի, Պորտուգալիայի եւ Իսպանիայի արտգործնախարարները տարածաշրջանի բոլոր երկրներին կոչ են արել «հարգել միջազգային իրավունքը, այդ թվում՝ ծովային իրավունքը, եւ, մասնավորապես, ԵՄ անդամ երկրների ինքնիշխանությունն ու ինքնիշխան իրավունքները»:

Համատեղ հռչակագիրն ընդունվել է յոթ երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ վիդեոկոնֆերանսից հետո, որի ընթացքում նրանք հայտնել են իրենց անփոփոխ աջակցությունը Հունաստանին եւ Կիպրոսին՝ Էգեյան եւ Արեւելյան Միջերկրական ծովում Թուրքիայի շարունակվող խախտումների կապակցությամբ:

Տնտեսական վերականգնումը կորոնավիրուսի համավարակի ֆոնին բանակցությունների օրակարգում էր, եւ արտգործնախարարները կոչ են արել համակարգել ելքի ազգային ռազմավարությունները՝ «լիարժեք գործող միասնական շուկա վերադառնալու» եւ «մեր քաղաքացիների համար տեղաշարժի ազատության աստիճանական եւ անվտանգ վերականգնման համար»: