Բրազիլիան COVID-19-ի հետեւանքով մահվան դեպքերի ընդհանուր թվով դարձել է աշխարհում երրորդ երկիրը՝ հիվանդությունից մահացել է ավելի քան 34 հազար վարակակիր, մեկ օրում երկրում մահացել է գրեթե 1,5 հազար մարդ, սա նոր հակառեկորդ է, փոխանցում է Euronews-ը:

Բրազիլիան վարակակիրների թվով հայտնվել է երկրորդ տեղում, միայն վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսային ինֆեկցիա է հայտնաբերվել երկրի գրեթե 31 հազար բնակչի մոտ:

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն COVID-19-ը բազմիցս համեմատել է, ինչպես ինքն է անվանել, «թեթեւ գրիպի» հետ՝ հրաժարվելով կարանտին մտցնել եւ քննադատելով տեղական իշխանություններին, որոնք համաճարակի տարածումը դանդաղեցնելու համար մեկուսացման միջոցառումներ էին կիրառել:

Բրազիլացի առաջնորդն ասում էր, որ այդ գործողությունները կհանգեցնեն տնտեսական ճգնաժամի: Գործազրկությունն, այնուամենայնիվ, արդեն ընդգրկել է աշխատունակ բնակչության գրեթե 13 տոկոսին, փորձագետների կարծիքով՝ տարվա վերջին այն կհասնի 18 տոկոսի: