Այս ֆոտոարշավը ծայրաստիճան փնթի ու անտաղանդ է արվում: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Պետությունը ծաղրուծանակի առարկա դարձնելը մեղք է: Մի´ արա, պարզապես մի´ արա»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց ժողովրդին՝ կոչ անելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում նկարահանել և իր էջին ուղարկել հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերը՝ նշելով ժամկետը, վայրը և դրա հետ առնչություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց:

Արդեն մի քանի օր է՝ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է տեսանյութեր և լուսանկարներ, որոնք երբեմն շատ անձնական են եւ ոտնահարում են մարդու մասնավոր կյանքի իրավունքը։ Որոշ դեպքերում էլ՝ հիմնականում խոսքը խնջույքների տեսանյութերի մասին է, ինչպես ավելի ուշ պարզվում է, արված են ոչ թե արտակարգ դրության ժամանակ, այլ դրանից առաջ։