Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ մի քանի օր է՝ ֆեյսբուքյան իր էջում հակահամաճարակային կանոնների խախտումներ արձանագրող տեսանյութեր եւ լուսանկարներ է տեղադրում,  այսօր հրապարակել է մի տեսանյութ, որում հարսանիքի մասնակիցները հումորային համար են ներկայացնում։ Ոստիկանական համազգեստով երիտասարդները նախ հայտարարում են, որ միջոցառումները արգելվում են արտակարգ դրության ժամանակ եւ խնդրում են կես ժամվա ընթացքում ազատել տարածքը, ապա նրանց են միանում ԱԱԾ համազգեստով տղաներ եւ միասին անակնկալ պար են ներկայացնում։

Վարչապետն այս տեսանյութին կից գրել է․ «Սա, կարծում եմ, մեր ընթացիկ պրոբլեմի ամենավառ արտահայտությունն է»։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց ժողովրդին՝ կոչ անելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում նկարահանել և իր էջին ուղարկել հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերը՝ նշելով ժամկետը, վայրը և դրա հետ առնչություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց:

Արդեն մի քանի օր է՝ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է տեսանյութեր և լուսանկարներ, որոնք երբեմն շատ անձնական են եւ ոտնահարում են մարդու մասնավոր կյանքի իրավունքը։ Որոշ դեպքերում էլ՝ հիմնականում խոսքը խնջույքների տեսանյութերի մասին է, ինչպես ավելի ուշ պարզվում է, արված են ոչ թե արտակարգ դրության ժամանակ, այլ դրանից առաջ։