ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը նախօրեին մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 51-րդ նիստին, որը տեղի է ունեցել տեսահամաժողովի ձեւաչափով: Հունիսի 3-ին կայացել էր նաեւ ԱՊՀ մասնակից պետություններում հակամենաշնորհային օրենսդրության խախտման համատեղ ուսումնասիրությունների շտաբի 37-րդ նիստը, որին մասնակցել են ՀՀ ՏՄՊՊՀ անդամ Արեն Դանիելյանը եւ Միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Միքաելյանը: 

Նիստերի ընթացքում քննարկվել են համավարակի պայմաններում ԱՊՀ մասնակից պետություններում սոցիալական նշանակության ապրանքային շուկաներում մրցակցության իրավիճակի եւ տնտեսության վրա բացասական հետեւանքների հաղթահարման նպատակով համատեղ միջոցառումների մշակման վերաբերյալ հարցեր, ներկայացվել են հակամենաշնորհային/հակամրցակցային կարգավորումների ռազմավարության վերաբերյալ առաջարկություններ, որոնք ուղղված են համավարակային իրավիճակի վատթարացման հետեւանքով ֆորսմաժորային պայմանների առաջացման արդյունքում տնտեսության վրա բացասական հետեւանքների մեղմմանը:

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը ներկայացրել է Խորհրդի նիստերի միջեւ ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային քաղաքականության ոլորտում իրականացված առավել կարեւոր իրադարձությունների  վերաբերյալ տեղեկատվություն: Մասնավորապես անդրադարձ է կատարվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենսդրական նոր նախաձեռնություններին եւ համավարակի պայմաններում իրականացված միջոցառումներին։

Քննարկվել են նաեւ «ԱՊՀ մասնակից պետություններում բժշկական սարքավորումների ապրանքային շուկաներում մրցակցության իրավիճակի վերաբերյալ» զեկույցը, «Ավտոմոբիլային ուղեւորափոխադրումների ապրանքային շուկայում մրցակցության իրավիճակի վերաբերյալ» ակնարկի, էլեկտրոնային առեւտրի զարգացման պայմաններում ապրանքների եւ ծառայությունների մատուցման նոր մեխանիզմների մշակման, ֆինանսատնտեսական ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ընթացիկ իրավիճակին վերաբերող հարցեր։