Մոսկվայի Խամովնիկի շրջանային դատարանը ձերբակալել է Արդյունաբերության եւ առեւտրի նախարարության աշխատակիցի կողմից կաշառք վերցնելու հետ կապված քրեական գործի 3 ֆիգուրանտների: Քննության վարկածով՝ նախարարության ռազմատեխնիկական համագործակցության բաժնի պետ Ռիզվան Գայրբեկովը 4,5 մլն ռուբլի է ստացել  Նիժեգորոդսկի ավիացիոն միության գործադիր տնօրեն Վասիլի Կլեպալովից Ադրբեջանին երկակի նշանակության արտադրանք մատակարարելու թույլտվություն ստանալու համար, գրում է «Կոմերսանտ»-ը:

Չնայած նրան, որ գործի քննությունը սկսվել է մարտին, ֆիգուրանտները ձերբակալվել են դատական նիստերի սկսվելուց մի քանի ժամ առաջ: Հարցաքննումից եւ խուզարկությունից հետո քննությունը նրանց մեղադրանք է առաջադրել:

2 ամսով ձերբակալվել է Վասիլի Կլեպալովը, ով մեղադրվում է ՔՕ 291-րդ հոդվածով (կաշառք տալու համար):     

Քննությունը կարծում է, որ Կլեպալովը 4,5 մլն ռուբլի է փոխանցել Գայրբեկովին իրենց ընդհանուր ծանոթի՝ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության վարչության պետ Սերգեյ Գարմաշի միջոցով:

Արդյունաբերության եւ առեւտրի նախարարության աշխատակցին, ով մեղադրվում է ՔՕ 290 հոդվածի 6-րդ մասով (առանձնապես խոշոր չափով կաշառքի ստացում), դատարանը մինչեւ օգոստոսի 4-ը ուղարկել է քննչական մեկուսարան՝ ենթադրյալ կաշառատուին կալանավորելուց գերեթե 1,5 ժամ անց:

ՌԴ ՔԿ Մոսկվայի քննչական վարչությունից նշել են, որ բոլոր գերատեսչությունները, որտեղ քրեական գործով ֆիգուրանտներն աշխատում են, քննությանն ամբողջական աջակցություն են ցուցաբերում: Արժե նշել, որ պարոն Գայրբեկովը ղեկավարել է նախարարության պաշտպանական արդյունաբերության համալիրի դեպարտամենտի ռազմատեխնիկական համագործակցության բաժինը: Նա Ռուսաստանի Դաշնության 3-րդ դասի պետական խորհրդական է: Միջնորդ Գարմաշը Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության օտարերկրյա պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության երկրորդ վարչության պետի տեղակալն է:

Ձերբակալվելուց փաստացի անմիջապես հետո միջնորդը՝ կոռուպցիոն սխեմայի մասնակիցների թվում միակը տվել է խոստովանական ցուցմունքներ:

Դրա արդյունքում ՌԴ ՔԿ-ն շրջանային դատարանին խնդրել է ՔՕ 291.1 հոդվածի 4-րդ մասով մեղադրյալի համար խափանման միջոց ընտրել տնային կալանքը: Խամովնիչեսկի դատարանը համապատասխան միջնորդությունը բավարարել է: