Կորոնավիրուսի տարածումն ու կարանտինային խիստ միջոցառումներն ամբողջ աշխարհում ստիպում են մարդկանց փոխել իրենց սովորությունները։ Համավարակն անուղղակիորեն ազդել է նաև վճարումներ, գնումներ, տարաբնույթ գործարքներ կատարելու մարդկանց վարքագծի վրա։

Հայաստանի բանկերի միությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս տենդենցից անմասն չի մնացել նաև Հայաստանը, ինչի մասին փաստում են վիճակագրական տվյալները։ Մասնավորապես, ընթացիկ տարվա առաջին եռամսյակի տվայլներով ոչ միայն պահպանվել է անխանխիկ գործարքների   ծավալային և քանակական աճի տեմպն, այլև առաջին անգամ Հայաստանում անկանխիկ գործարքների քանակը գերազանցել է կանխիկով գործարքներին: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2020թ-ի առաջին եռամսյակում անկանխիկ գործարքների քանակն աճել է 73․6%-ով, իսկ ծավալը՝ 53․4%-ով:

2020թ-ի առաջին եռամսյակում վճարային քարտերի քանակը կազմել է 2 460 333, որոնցով կատարվել է 18 154 229 գործարք, որը 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ` ավելացել է 33.8%-ով:

Աճ է գրանցվել նաև վճարային քարտերով գործարքների ծավալների մասով։ 2020թ-ի առաջին եռամսյակում այն կազմել է 592 174 մլն ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 110 389 մլն դրամով կամ 22.9%-ով։

Զգալիորեն աճել են անկանխիկ գործարքների քանակն ու ծավալը։

Մասնավորապես՝ եթե ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ կանխիկ գործարքներն ավելացել են 2.4%-ով, ապա անկանխիկ գործարքների քանակը համապատասխանաբար ավելացել է 73.6%-ով։

2020թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ   կանխիկ գործարքների ծավալն ավելացել է 13.3%-ով, իսկ ահա անկանխիկ գործարքների ծավալն ավելացել է 53.4%-ով։

Հատկանշական է նաև, որ 2020թ-ի առաջին եռամսյակում քարտերով անկախիկ գործարքների կշիռը ընդամենը մանրածախ առևտրում գրանցել է պատմական առավելագույն ցուցանիշը` կազմելով 55.9%, երբ 2019թ-ի առաջին եռամսյակում այս նույն ցուցանիշը եղել է ընդամենը 36.6%:

Գծանկարից նաև երևում է, որ 2020թ-ի առաջին եռամսյակում, ընդամենը երեք ամսվա ընթացքում, այս ցուցանիշը գրեթե կրկնակի է աճել, քան նախորդող 4 տարիների ընթացքում տարեկան աճերն են:

Այստեղ նույնպես արձանագրվում է, որ Հայաստանում առաջին անգամ քարտով կատարվող անկանխիկ գործարքները գերազանցել են կանխիկով կատարվող մանրածախ առևտրի ծավալներին:

Ամբողջ աշխարհում վճարային գործիքներով՝ այդ թվում նաև քարտերով գործարքները թե՛ ծավալային և թե՛ քանակական առումով տարեցտարի ավելանում են:  Հայաստանում միայն առաջին եռամսյակում և մասնավորապես մարտ ամսին (COVID-19-ով պայմանավորված) գրանցված աճի ցուցանիշները ևս փաստում են, որ մարդիկ գիտակցում են՝ անկանխիկ գործառնություններն ի թիվս մի շարք այլ առավելությունների, նաև ավելի ապահով են առողջապահական տեսանկյունից:

 Ըստ այդմ, հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, կարելի է ենթադրել, որ տենդենցը կպահպանվի նաև հաջորդող ամիսների ընթացքում: