Twitter-ը ջնջել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի թվիթը, որը տեսահոլովակ է պարունակել զոհված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մասին:

Team Trump թվիթթերյան հաշիվը 4 րոպեանոց տեսանյութ է հրապարակել, որում Թրամփը ելույթ է ունենում  Ֆլոյդի մահից մի քանի օր անց: Նա զգուշացնում է «ծայրահեղական ձախական խմբերի» կողմից բռնության մասին: Նա նաեւ նշում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները նվիրված են իրենց գործին:

Տեսանյութով կիսվել են Թրամփն ու նրա որդին՝ Դոնալդ Թրամփ-կտրսերը:

Team Trump-ի ներկայացուցիչ Էնդրյու Քլարքը նշել է, որ դիմել է Twitter-ին, որպեսզի պարզի , թե ով է բողոքել, եւ ինչպես է տեսանյութը հակասել հեղինակային իրավունքների պաշտպանության քաղաքականությանը:

Twitter-ի ներկայացուցիչը The Hill-ին հայտնել է, որ իրենք բողոք են ստացել հեղինակային իրավունքը կրողին տեսանյութում առկա լուսանկարներից մեկի համար: