Կառավարությունը եւ մերձիշխանական տարաբնույթ աղբյուրներ ստեր են շրջանառության մեջ դրել: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով Քաղավիացիայի կոմիտեի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

«Առաջին հերթին պետք է ֆիքսենք, որ «սեւ ցուցակում» հայտնվել է Հայաստանը, ոչ թե առանձին ավիաընկերություն, եւ հայտնվել է այն հիմնավորմամբ, որ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն, որպես ոլորտի ներկայացուցիչ, ի վիճակի չէ ապահովել ինքնաթիռների անվտանգության կանոնները, ի վիճակի  չէ վերահսկել, որ ավիաընկերությունները ապահովեն անվտանգային բոլոր նորմերը:

Այդ ստուգումներն արվել են նոյեմբերին եւ եթե նույն վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանի խորհուրդները այդ ժամանակ լսվեին եւ պատշաճ քայլեր արվեին, հնարավոր կլիներ կասեցնել «սեւ ցուցակում» Հայաստանի հայտնվելը: Բայց Տաթեւիկ Ռեւազյանի հանցավոր անգործության պատճառով Հայաստանը հայտնվել է այդ ցուցակում»,-ընդգծեց Գորգիսյանը:

Նրա խոսքով, կեղծ լուրեր են տարածվում նաեւ, որ այն ավիաընկերությունները, որոնք չեն կարողանալու թռիչքներ իրականացնել Եվրոպա, գոյություն չունեն, թղթի վրա գրված են. «Ոչ, նրանք գոյություն ունեն: Օրինակ, «Air Company Armenia»-ն բարբերաբար թռիքչներ էր իրականացնում դեպի Լիոն, բայց ամառային սեզոնին նա արդեն բազմաթիվ ուղղություններով թռիչքներ էր իրականացնում: Մյուս ընկերությունը թռիչքներ էր իրականացնում ԵՄ երկրների միջեւ, բայց իր գրասենյակը գտնվում էր ՀՀ-ում: Առնվազն այս երկուսը, որոնք գործում են ԵՄ տարածքում, այլեւս չեն կարողանալու գործել: Այս երկու ընկերություններն էլ 2018-ին աուդիտ են անցել, ամեն ինչ եղել է դրական»:

Ըստ Գորգիսյանը, նաեւ շահարվում է աֆրիկյան երկրներում զենք տեղափոխող ընկերությունների մասին դրույթը. «Սա բացահայտ սուտ է: Չի եղել ՀՀ-ում գրանցված ավիաընկերություն, որը զենք է տեղափոխել աֆրիկյան երկրներում: Եղել է ընկերություն, որը բեռնափոխադրումներով է զբաղվել աֆրիկյան երկրներում, ինչ-որ փուլում հայ օդաչուներին մեղադրանք է ներկայացվել իբր զենք տեղափոխելու մեջ, որը քաղաքական հարց է եղել այդ փուլում, որը դատարանով չի ապացուցվել: Այս ամենը բերել ու սեփական թիմի ձախողումների համար վնաս տալ պետությանը, հայկական ավիաընկերությանը պիտակավորել որպես ապօրինի զենք տեղափոխող ընկերություն, սա քայլ է պետության դեմ»,-ընդգծեց Գորգիսյանը:

Նա հավելեց, որ հիմա պետք է ազատվել այդ ապաշնորհ թիմից եւ նոր թիմով, ըստ մասնագետների, հնարավոր է 6 ամսում դուրս գալ այս «սեւ ցուցակից»:

«Այնիչ Տաթեւիկ Ռեւոզյանը հայտարարեց, որ դրա համար կպահանջվի 2,5 տարի: Մասնագետներ կան, որ պատրաստ են ներգրավվել եւ մինչեւ 6 ամսում խնդիրները լուծել»: