Ստացվում է, որ ջերմոցային տնտեսությունների համար գազի սակագնի իջեցումը, որը գրանցվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք, կրկին նույնքան կբարձրանա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ջերմոցային ասոցիացիա» ՀԿ գործադիր տնօրեն Պողոս Գեւորգյանը:

«Բացի այն, որ կթանկանա արտադրանքը, դա կհանգեցնի նրան, որ ֆերմերները վնասով կաշխատեն, կսկսեն հրաժարվել նոր ջերմոցային տնտեսություններ հիմնելու գաղափարներից, իսկ դա, իր հերթին, կդանդաղեցնի ոլորտի զարգացումը: Գազի գնի բարձրացումը կհանգեցնի գնաճի եւ ջերմոցային տնտեսությունների վնասների»,-նշեց նա:

Գեւորգյանը հավելեց, որ սակագնի գրեթե 10 տոկոս բարձրացումը էական է՝ հաշվի առնելով այն, որ շուկայում արտադրանքի գինը չի աճում՝ կապված բնակչության սպառողական ցածր հնարավորության եւ պահանջարկի ցածր մակարդակի հետ:

ՀԿ տնօրենը նաեւ հավելեց, որ տնտեսական ճգնաժամն ու ռեստորանների եւ հասարակական սննդի այլ օբյեկտների գործունեությանը սահմանափակումը էլ ավելի է նպաստում պահանջարկի նվազեցմանը, իսկ վիճակը մեղմում է այն, որ դեռ չկա թուրքական բանջարեղենի խոշոր ներմուծման հոսք: Ինչ վերաբերում է գազի պարտքերին, որոնք կուտակվել են ճգնաժամի շրջանում, ապա ֆերմերներին, նրա խոսքով, սուբսիդիաներ են տրամադրվել դրանց մարման համար, իսկ վճարումների հետաձգումից «Գազպրոմ Արմենիան» հրաժարվել է:

նշենք, որ գազի սակագնի բարձրացման հարցով «Գազպրոմ Արմենիայի» հայտի շրջանակում ՀԾԿՀ-ն առաջարկում է անփոփոխ թողնել գինը բնակչության համար եւ այն բարձրացնել ջերմոցային տնտեսությունների, պահածոների եւ կաթնամթերքի արտադրողների համար՝ հազար խորանարդ մետրի դիմաց 212-ից դարձնելով 224 դոլար: