Վերջին շրջանում ավելացել են Ադրբեջանի կողմից ռազմատենչ կոչերը, ուժի դիմելու սպառնալիքները. դրանք հնչում են այդ երկրի նախագահի, պաշտպանության նախարարի կողմից: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը:

«Կարող եմ ասել, որ դրանք ակտիվորեն քննարկվում են նաեւ Ադրբեջանի խորհրդարանում, որտեղ որոշ պատգամավորներ օր առաջ ռազմական գործողություններ վերսկսելու կոչե են հնչեցնում: Սա ներքին պրոցեսների արդյունք է եւ ներքին լսարանին ուղղված կոչեր են: Քանի որ Ադրբեջանն անցել է կարանտինային խիստ ռեժիմի, դիմակների կրումը դարձել է պարտադիր, տուգանվում են: Այդ իրավիճակը հաշվի առնելով, նաեւ որոշ ներքաղաքական գործընթացներ, ես այս պահի դրությամբ չեմ կարծում, որ Ադրբեջանը նման արկածախնդրության կգնա»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ այս կոչերն անպատասխան չեն մնալու:

«Մենք ԱԳՆ-ի, նաեւ մեր գործընկերների հետ միասին աշխատում ենք այս ուղղությամբ, որ այս կոչերը, նաեւ հայտնի երեք սկզբունքներից մեկը՝ ուժի, ուժի սպառնալիքի կիրառման բացառումը, որն Ադրբեջանը շարունակաբար խախտում է, չմնա անարձագանք: Որովհետեւ, եթե վաղը տարածաշրջանում նոր պատերազմ բռնկվի, որի հետեւանքները Ադրբեջանն առաջինն է կրելու իր վրա, ապա միջազգային հանրության լռությունը կարող է միայն խրախուսել Ադրբեջանի նման գործողությունները: Այս ամենը համարժեք արձագանք է ստանում թե ԱԳՆ-ի, թե ՊՆ-ի կողմից համարժեք քայլերով»,-ընդգծեց Հայրապետյանը՝ վտանգավոր համարելով այստեղից հնչող հայտարարությունները, որոնք կոչ են անում Ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա:

Նշենք, որ օրեր առաջ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ եթե ինքը լիներ Ալիեւի փոխարեն 3-4 ամիս հետո կհարձակվեր Հայաստանի վրա:

«Ինձ համար աբսուրդ է, որ նման կոչեր են հնչում Հայաստանի ներսից եւ հարթակներ են տրամադրվում նման հայտարարությունների համար: Չի կարելի նման թշնամական ձեւով դիրքավորվել սեփական երկրի հանդեպ»: