Կորոնավիրուսի տարածման եւ կանխարգելիչ միջոցառումների հետեւանքով տուժած ֆիզիկական եւ իրավաբանական անձ վարկառուներին աջակցելու նպատակով բանկերը եւ վարկային կազմակերպությունները տրամադրել են վարկային արձակուրդներ կամ այլ կերպ վերանայել են գործող վարկերի պայմանները:

Հայաստանի բանկերի միությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 1-ի դրությամբ վարկերի վերանայման հնարավորությունից օգտվել է մոտ 550 հազ. ֆիզիկական եւ 17.4 հազ. իրավաբանական անձ: Ընդհանուր առմամբ վերանայվել է 1.3 տրլն մնացորդով շուրջ 980 հազ. վարկային պայմանագիր:

ՀՀ առեւտրային բանկերն ակտիվորեն ներգրավված են նաեւ ՀՀ կառավարության կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման հակաճգնաժամային ծրագրերում։

Մասնավորապես՝ հակաճգնաժամային 1-ին միջոցառման շրջանակում, որով արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվում ընկերություններին՝ աշխատավարձ, հարկեր, կոմունալ ծախսեր վճարելու եւ որոշ դեպքերում սննդի ներկրումներ, սարքավորումներ ձեռք բերելու համար, հունիսի 1-ի դրությամբ արդեն հաստատվել է 684 վարկային հայտ՝ ծավալը 44.7 մլրդ դրամին համարժեք։

Հակաճգնաժամային 2-րդ ծրագրով, որը վերաբերվում է գյուղատնտեսությանը, ֆինանսական կազմակերպությունների կողմից բավարարված (նախնական հաստատված) հայտերի քանակը կազմում է 10,431 (որից 8,815-ը մինչեւ 1 մլն ՀՀ դրամ միկրովարկեր), իսկ ծավալը՝ 15.4 մլրդ ՀՀ դրամ (որից 7.3 մլրդ-ը մինչեւ 1 մլն ՀՀ դրամ միկրովարկեր):

Ըստ այդմ, հակաճգնաժամային երկու ծրագրերով ընդհանուր առմամբ բավարարվել է 11,115 վարկային հայտ, ընդհանուր ծավալը՝ 60.1 մլրդ դրամ։