Հարսանեկան խնջույքը, որի տեսանյութը տարածել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղի է ունեցել նախօրեն՝ Պտղնիում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում։

Ռեստորանի փոխտնօրենը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հյուրերի քանակը չի գերազանցել 30–ը, նրանք նստած են եղել բացօթյա տարածում՝ իրարից առանձին հինգ հոգանոց սեղանների շուրջ, մինչեւ ռեստորանի տարածք մտնելը ջերմաչափվել են, գրանցվել, ոչ մեկի մոտ ջերմություն չի արձանագրվել։ 

«Ինքս էլ փորձում եմ գտնել այն օրենքը, որը հստակ արգելում է 5 հոգանոց սեղանների շուրջ սոցիալական հեռավորությունը պահպանելով անել միջոցառում, չեմ կարողանում։ Այնքան ուռճացված, ինչպես ներկայացվում է, այդպես չի եղել։ Նստեցրել ենք ոնց որ թույլատրված է՝ նույն սեղանի շուրջ 5 հոգուց ոչ ավելի, հեռավորությունը պահվել է, մինիմումի է բերվել իրենց պարելը, երաժշտություն չի եղել առանձնապես»,- նշեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ ոստիկանությունը եւ ՍԱՏՄ աշխատակիցներն այսօր այցելել էին ռեստորան, փոխտնօրենի խոսքով, նրանք վարույթ են հարուցել, որը դեռեւս ընթացքի մեջ է։