Նորմա՞լ է, որ հայտնի անձանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում, ու կոնկրետ անձինք դրանից 1-2 օր առաջ անհետանում են իրավապահներին տեսադաշտից, արդյոք ԱԱԾ-ում մտածելու բան չունեն: Այս հարցն այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրգրողներն ուղղեցին ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին:

«Իրենք ունենք խնդիրներ, իրենք ունեն մտածելու տեղ»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ «Յուքոմի» սեփականատերերից Գուրգեն Խաչատրյանն անհետացավ իրավապահներին տեսադաշտից, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Ասեմ, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակում ենք: Անհետանալու հետ կապված մենք մինչ այդ իր նկատմամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ չենք իրականացրել: Իհարկե, մարդու տեղաշարժի իրավունքը մենք չենք սահմանափակում»:

Հարցին, թե նա Հայաստանի տարածքո՞ւմ է, Մարտիրոսյանն ասաց. «Համենայնդեպս, կարող եմ վստահեցնել, որ մեր սահմաններով իր տեղաշարժը չի ֆիքսվել»:

Իսկ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանի  գտնվելու մասին էլ ասաց. «Երբ հստակ տեղեկություններ ունենանք՝ կասենք»: