Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի թիվս այլ լուսանկարների եւ տեսանյութերի, որ հրապարակում է իր էջում որպես համաճարակային կանոնների խախտման օրինակներ, այսօր մի լուսանկար է տարածել, որը, այն հրապարակած օգտատիրոջ պնդմամբ, արվել է 2013թ․։

«Արմենիա Պլանետ Տուր»-ը Նորավանքում արված լուսանկարը հրապարել է հունիսի 1-ին՝ շնորհավորելով երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը։ Նիկոլ Փաշինյանը կիսվել է այս հրապարակումով եւ կից գրել՝ առանց մեկնաբանության:

«Արմենիա Պլանետ Տուր»-ի ֆեյսբուքյան էջում քիչ առաջ հայտարարություն է տարածվել, որտեղ պարզաբանում են, որ լուսանկարն արված է 2013թ․՝ ափսոսանք հայտնելով, որ վարչապետը չստուգված փաստեր է տարածում։

«Հարգելի հետևորդներ,

վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան այսօր ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է մեր էջից վերցված մի նկար, որը արվել է 2013 թ-ին, սակայն տեղադրվել 2020թ-ի հունիսի 1-ին, երեխաների տոնի կապակցությամբ:

Ցավում ենք, որ երկրի ղեկավարը տարածում է չստուգված փաստեր»,- ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ արդեն երեք օր է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակում է օգտատերերից ստացած լուսանկարներ եւ տեսանյութեր` որպես համաճարակային խախման օրինակներ։ Դրանց թվում եղել են արդեն մի քանիսը, որ տարածելուց հետո պարզվել է՝ արված են արտակարգ դրությունից առաջ։