Ռուսաստանը հայելային պատասխան կտա Պրահայի որոշմանը Չեխիայում ռուսական դեսպանատան 2 աշխատակցի անցանկալի անձ հայտարարելու մասին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է երկրի Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը:

«(Ռուսաստանի) պատասխանն անպայման հայելային կլինի»,- ասել է նա:

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրի կառավարությունը վտարում է ռուսական դեսպանատան 2 աշխատակցի:

Նրա խոսքով՝ դա կապված է այն պատմության հետ, որ ռուսաստանցի դիվանագետն իբր Չեխիա է բերել ռիցին թույն:

«Մենք ինքնիշխան պետություն ենք, եւ նման գործողությունները մեզ համար անընդունելի են: Մենք որոշում ընդունեցինք այդպիսի իրավիճակում. Ռուսաստանի դեսպանատան 2 աշխատակից հայտարարվեցին անցանկալի անձ»,- ասել է Չեխիայի վարչապետը:

Ռուսական դեսպանատունը Պրահայի որոշումն անվանել է ոչ բարեկամական քայլ, որն ի սկզբանե հիմնված էր չապացուցված մեղադրանքների վրա եւ «սարքած սադրանքի»: Դիվանագիտական առաքելությունից նշել են, որ խորապես հիասթափված են չեխական կողմի միջոցառումների պատճառով, եւ որ դա ավելի քիչ տաածություն է թողնում հավաքական երկխոսության համար:

Ապրիլի վերջին Respekt շաբաթաթերթը հայտնել էր, որ Պրահա է եկել ռուսական դիվանագիտական անձնագրով ինչ-որ տղամարդ: Նրա մոտ իբր ռիցին է եղել, որպեսզի, ինչպես պնդել են լրագրողները, թունավորի 3 տեղացի քաղաքական գործիչների, որոնք կապ ունեն խորհրդային մարշալ Իվան Կոնեւի հուշարձանը հանելու եւ Ռուսաստանի դեսպանատան դիմացի հրապարակը Բորիս Նեմցովի պատվին վերանվանելու հետ:

Չեխական լրատվամիջոցներն ավելի ուշ հայտնել էին այդ մարդու անունը. նրանց տարբերակով՝ նա «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության ղեկավարի պաշտոնակատար Անդրեյ Կոնչակովն է:

Պրահայում ռուսական դեսպանությունը այս տեղեկություններն անվանել էր «աղաղակող եւ զազրելի սուտ» եւ խնդրել էր դիվանագիտական առաքելության աշխատակցին տրամադրել ոստիկանական պահպանություն, քանի որ լրատվամիջոցներում անհատական թունավորման ծավալման պատճառով նա սկսել է սպառնալիքներ ստանալ:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ չեխական լրատվամիջոցների տեղեկությունները նման են հերթական բադիկին, իսկ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ոչ ոք ապացույցներ չի ներկայացնում, որ Մոսկվան փորձել է Չեխիայում ինչ-որ մեկին թունավորել:

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը նույնպես կասկածել է թունավորման փորձի մասին տեղեկության հավաստիությանը, իսկ առաջին փոխվարչապետ եւ ՆԳ նախարար Յան Գամաչեկը ընդունել է, որ ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները, ըստ երեւույթին, ոչ մի ապացույց չունեն: