2019-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հաջողվել է 480 միլիոն 503 հազար դրամ խնայել եւ այդ միջոցները վերադարձնել պետական ​​բյուջե: Այս մասին հունիս 5-ին ՀՀ Ազգային ժողովում ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական ​​բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկմանն ասաց արտակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյանը:

Ըստ նրա, պետական ​​բյուջեի նախագծի համաձայն, 2019 թվականին նախատեսվում էր արտակարգ իրավիճակների նախարարությանը 12 միլիարդ 897 միլիոն դրամ հատկացնել:

«Տարվա ընթացքում կառավարության որոշմամբ հատկացված միջոցները, այդ թվոմ՝ ճշգրտումները, 15 միլիարդ 414 միլիոն դրամ են կազմել: Ծախսերը 14 միլիարդ 934 միլիոն դրամ կամ 97 տոկոս են կազմել»,- պարզաբանեց փոխնախարարը: