Ոստիկանությունը ձերբակալել է Թբիլիսիի Վարկետիլի շրջանի բնակչին, ով կրակոցներ էր արձակել իր բնակարանի պատուհանից: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի ՆԳՆ պարեկային ծառայության բաժնի ղեկավար Վաժա Սիրաձեն, հայտնում է News-Georgia-ն:

Մի քաի ժամ տեւած բանակցությունների արդյունքում տղամարդը հանձնվել է իրավապահներին: Այս ամբողջ ընթացքում Շուամտայի փողոցում գտնվող թիվ 22 շենքը շրջափակվել էր, միջադեպի վայրում մեծ թվով ոստիկաններ և զրահատեխնիկա էր մոբիլիզացվել:

Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ կրակոցներն արձակել էր մոտ 45-ամյա Դավիդ Իվանովը, ով հարբած վիճակում էր գտնվում: Հաղորդվում է, որ պատճառը կենցաղային կոնֆլիկտն էր: Ընդ որում, լրագրողներին հայտնի էր դարձել, որ նախկինում Իվանովն արդեն դատապարտվել էր ընտանեկան բռնության համար: Բացի այդ, մինչեւ վերջերս նրա նկատմամբ սահմանափակիչ կարգադրություն էր գործում, որն արգելում էր տղամարդուն մոտենալ իր երեխաներին եւ կնոջը:

Այսօրվա կրակոցների արդյունքում ոչ ոք չի տուժել: Ոստիկաններին հաջողվել էր Իվանովի դստերն ու անչափահաս որդուն, որոնք միջադեպի ժամանակ տանն էին,տեղափոխել անվտանգ վայր: Մինչդեռ զինված տղամարդը փակվել էր իր բնակարանում եւ ոչ ոքի ներս չէր թողնում: Ներքին գործերի նախարարությունում հայտնում են, որ տղամարդը որեւէ պահանջ չուներ:

Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել: