Հայաստանի հարավային սահմանի որոշ հատվածներում անվտանգության ապահովման հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել: Այս մասին հունիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը:
Այդպես, ըստ նրա, իրենք տեխնիկական խնդիրներ ունեն որոշ հատվածներում:
«Դրանք բնակեցված չեն, իսկ դուք գիտեք, որ անվտանգությունը սահմանին մենք ապահովում ենք նաեւ սահմանամերձ համայնքների բնակիչների շնորհիվ, ովքեր առանձին դեպքերում ազդանշաններ են տալիս»,- պարզաբանեց Մարտիրոսյանը՝ նշելով, որ որոշ քաղաքացիներ պարգեւատրվել են իրենց զգոնության համար:
Նա նշեց, որ իր ղեկավարած ծառայությունը դիտարկման եւ մոնիտորինգի լրացուցիչ միջոցների կարիք ունի:
«Այս պահի դրությամբ մի քանի տասնյակ կիլոմետր վերահսկվում է ինչպես մոնիտորինգի գործիքներով, այնպես էլ՝ շարժումը ֆիքսող հատուկ միջոցներով»,- ասաց Մարտիրոսյանը: