Ցավում եմ, որ նման դեպքեր են արձանագրվում,  ենթադրում եմ, որ քաղաքացին ուղղակի հրաժարվել է կատարել ոստիկանության օրինական պահանջը, մասնավորապես, ենթադրում եմ, դիմակ կրելու պահանջը, այո, ցավով պետք է նշեմ, որ մեր հասարակությունում այդպիսի մարդիկ էլ կան, որոնց վարքագիծն անհասկանալի է,- այս մասին այսօր NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը` խոսելով այսօր համացանցում տարածված տեսանյութի մասին, որտեղ մի խումբ ոստիկաններ քաղաքացուն բերման են ենթարկում` ուժի կիրառմամբ.

«Այնուամենայնիվ պետք է ասեմ, որ ոստիկանական գործողությունները պետք է լինեն իրավաչափ, եթե նույնիսկ պետք է ուժի կրառում, իսկ եթե դա չափի մեջ են անում, ապա դա պետք է: Ի վերջո, կառավարության և պարետի որոշումները ենթակա են կատարման բոլորիս համար և ուղղված են հենց այդ նույն քաղաքացու առողջության պահպանմանը»,- ասել է պատգամավորը:

Խոսելով վարչապետի ֆեյսբուքյան էջում հրապարակված հարսանիքի տեսանյութի մասին, որտեղ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների համազգեստով հումորային դրվագներ են եղել,  եւ հարցին, թե արդյո՞ք դա անլուրջ վերաբերմունք չէ ուժային կառույցների նկատմամբ, Տիգրան Ուլիխանյանը պատասխանեց.

«Դա անլուրջ վերաբերմունք է սեփական անձի, սեփական ընտանիքի, հարազատների նկատմամբ, հանրության նկատմամբ, հոգատարության բացակայության դրսևորում է դա, բայց սա ես որպես մեղադրանք չեմ ասում, ընդհակառակը, քարոզում եմ դադարեցնել այդ վարքագիծը, քանի որ դրանից կախված է բոլորիս առողջությունը: Սա առաջին հերթին բոլորիս համար պետք է բարոյական խնդիր լինի, քանի որ ինչ-որ մեկի վարակման պատճառ դառնալը շատ վատ է, և բոլորիս գիտակցության մեջ դա պետք է լինի»: