Լյուքս դասի ավտոմեքենաների բրիտանական արտադրողներ Bentley-ն, Aston Martin-ն ու McLaren-ը հայտարարել են շուրջ 3 000 աշխատատեղ կրճատելու մասին վերջին երկու շաբաթվա ընթացքում, հաղորդում է CNN-ը:

Այդ ընկերություններում աշխատատեղերի կրճատումը կապված է շքեղ ավտոմեքենաների վաճառքի վրա կորոնավիրուսի պանդեմիայի բացասական ազդեցության հետ:

Bentley ընկերության հայտարարության մեջ նշվում է Մեծ Բրիտանիայում 1000 աշխատատեղ կրճատելու ծրագրի մասին, ինչը կազմում է աշխատուժի շուրջ մեկ քառորդը:

Bentley-ն նաեւ դադարեցրել է նոր աշխատակիցների ընդունումը, հեռացրել իր կապալառուներին եւ սառեցրել աշխատակիցների աշխատավարձը:

Aston Martin ընկերությունը հայտնել է 500 աշխատատեղ կրճատելու ծրագրերի մասին վաճառքի անկման պատճառով: Ընկերությունը նաեւ պատրաստվում է փոխել իր գործադիր տնօրենին՝ այդ պաշտոնում ընդունելով Mercedes-ից Թոբիաս Մոերսին:

McLaren-ը, որը Ֆորմուլա-1 թիմի սեփականատերն է, հայտնել է 1 200 աշխատատեղ կրճատելու ծրագրերի մասին, ինչը կազմում է ընկերության ամբողջ աշխատուժի ավելի քան մեկ քառորդ մասը:

Համաձայն ընկերության հայտարարության՝ դրա պատճառը մրցավազքի չեղարկումն է, գործարանների եւ ցուցասրահների փակումն ամբողջ աշխարհում: