Կորոնավիրուսի խնդրի հետ կապված մի շարք նրբություններ եւ կոնտեքստներ շատ կարեւոր են, որոնք մեր հանրության կողմից այնքան էլ լավ արձանագրված չեն: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով իր ասածից մի հատված չառանձնացնել, քանի որ այն ամբողջական է:

«Գիտեք, որ մեր ընտանիքը կորոնավիրուսով վարակվել է: Մենք ասում ենք, որ երբ մենք արդեն հաղթահարենք կորոնավիրուսը, առողջանանք, մեր կյանքը ամբողջությամբ կփոխվի, որովհետեւ մենք մտավախություն չենք ունենա շփվել մեր ընկերների, հարազատների հետ: Այսինքն իմունիտետ ձեռք բերած կլինենք, հանգիստ կկարողանանք շփվել բոլորի հետ, Արփիին մանկապարտեզ ուղարկել, բայց այստեղ կա երկու պրոբլեմ:

Նախ, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ կոնկրետ մեր ընտանիքը բարեհաջող կավարտի, որովհետեւ անկանխատեսելի հիվանդություն է: Երկրորդ, իմ հարազատներից քանի մարդ կվարակվի ինձնից եւ ես իմ հարազատներից քանիսին կկորցնեմ այս ընթացքում: Սա է կորոնավիրուսի ամբողջ նենգ բանաձեւը: Որովհետեւ եթե ես վարակվել, լավացել եմ, դա հոյակապ է, որովհետեւ առնվազն մեկ տարով իմունիտետ եմ ձեռք բերել: Բայց եթե ես վարակվել եմ, նախ երաշխիք չկա, որ չեմ մահանա, եւ երաշխիք չկա, որ իմ հարազատներից մեկը չի մահանա: Սա է իրավիճակի ողջ բարդությունը»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ միակ պրոբլեմն այն է, որ կորոնավիրուսով հիվանդացած բոլոր քաղաքացիներին կարողանան պատշաճ բուժօգնություն ցույց տալ, այսինքն այնքան մարդ հիվանդանա, որքան տեղ կա մեր հիվանդանոցներում. «Այսինքն եթե նախկինում այդ մարդիկ պետք է բուժօգնության դիմեին մեկ տարվա ընթացքում, հիմա բուժօգնության են դիմում մեկ ամսվա ընթացքում: Հիմա եթե կորոնավիրուսով հիվանդները չտեղավորվեն հիվանդանոցներում, մեր մահացության թվերը աճելու են: Մարդիկ մահանալու են պատշաճ բուժօգնություն չստանալու պատճառով: Մի ձեւ կա այս խնդիրը լուծելու, պետք է մենք ուրիշներին վարակելու հանավանակությունը մաքսիմալ քչացնենք:

Այսօր երկրում 20-25, նույնիսկ հնարավոր է 30 հազար ասիմպտոմ դեպքեր կան: Գուցե դուք վարակված եք, բայց չգիտեք: Դա նշանակում է, որ դուք կլավանաք, բայց մեր բոլորի խնդիրն է քչացնել ուրիշներին վարակելու հավանականությունը:

Վիճակագրությունը ցույց է տալիս, պատշաճ բուժօգնության պարագայում ծանր եւ ծայրահեղ վիճակի հասնում են հիվանդների 5 տոկոսը, իսկ մահանում են 1-1,2 տոկոս: Եթե 10 հազարի 5 տոկոսը 500 հոգի է, իսկ 1,2 տոկոսը 120 հոգի է, ապա 100 հազարի 5 տոկոսն արդեն 5 հազար հոգի է: Մեր առողջապահական համակարգի 5 հազար հոգու ծանր վիճակում չի կարող սպասարկել»: