Ճապոնիայում լողավազանի համար դիմակներ են ստեղծել, եւ երկրում լողավազանների բացվելուց հետո դրանք մեծ պահանջարկ են ձեռք բերել, հայտնում է «Ասախի» թերթը։

Կորոնավիրուսի տարածման պատճառով փակված լողավազանները հունիսի 1-ից սկսել են բացվել։ Իշխանությունները հաշվել են, որ ջրում քլորի բավարար քանակի դեպքում վարակման ռիսկը ծայրահեղ քիչ է։ Սակայն չլուծված է մնում լողի դպրոցների խնդիրը, մանավանդ՝ մանկական, մարզիչը պետք է բարձր ձայնով բացատրի եւ հրահանգներ տա, երբեմն ուղղելով երեխայի դիրքը ջրում։ Այս ամենը ստեղծում է դիմակի անհրաժեշտություն, որը կպաշտպաներ հնարավոր վարակումից, սակայն դրա հետ մեկտեղ չէր թրջվի եւ չէր սահի ջրի մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։  

Լուծումը գտել է Տոկիոյի կենտրոնում ոչ մեծ ընկերությունը։ Նրա դիմակները պատրաստված են թափանցիկ նյութից, փակում են դեմքի ներքեւի մասը, չեն սահում ջրի մեջ։ Դրանցով կարելի է նաեւ լողալ։ Ի սկզբանե բոլոր դիմակները ձեռքով էին պատրաստվում։ 10 հատանոց հավաքածուի գինը 29 000 իեն (մոտ 260 դոլար) էր։ Մայիսի կեսին լողի ակումբների ասոցիացիան հաստատեց դրանց հարմարավետությունն ու արդյունավետությունը։ Այդ պահից ստացվել է ավելի քան 16 000 պատվեր՝ ամբողջ Ճապոնիայով մեկ 700 կազմակերպություններից։ Չնայած նրան, որ հունիսին արտադրությունն ընդլայնվել է մինչեւ ամսական 10 000 դիմակ, պատվերին ավելի քան մեկ ամիս ստիպված են լինում սպասել։