Իտալիան հուսով է, որ ԵՄ մյուս երկրները հունիսի 15-ից կբացեն իրենց սահմանները իտալացիների համար, հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Լուիջի Դի Մայոն, հայտնում է Reuters-ը։

Իտալիան, որը COVID-19-ից մահերի թվով աշխարհում չորրորդն է՝ ԱՄՆ-ից, Բրիտանիայից եւ Բրազիլիայից հետո, հունիսի 3-ից ԵՄ քաղաքացիների համար բացել է իր սահմանները, սակայն եվրոպական պետությունների մեծ մասը առայժմ չի շտապում ընդունել Իտալիայի քաղաքացիներին։

«Հունիսի 15-ը կարեւոր ամսաթիվ է մեր քաղաքացիներից շատերի համար»,- Սլովենիա այցի ընթացքում մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Դի Մայոն։

Նրա խոսքերով՝ Գերմանիան եւ Շվեյցարիան արդեն հայտնել են այն մասին, որ կարող են մինչ այդ ժամկետը բացել սահմանները իտալացիների համար։

Իր հերթին Սլովենիայի արտգործնախարար Անժե Լոգարը հայտարարել է, որ առողջության հետ կապված իրավիճակը Իտալիայում արագ բարելավվում է, եւ ինքը նույնպես լավատեսորեն է տրամադրված այդ ամսաթվի հանդեպ։

Իտալիայում գրանցված է կորոնավիրուսով վարակման մոտ 234 500 դեպք, 33 770 պացիենտ մահացել է։

Սլովենիայում վարակման դեպքերի թիվը հասնում է 1479-ի, մահացել է 109 մարդ։