«Իմ քայլը» խմբակցության այսօրվա նիստում  քննարկվեց կորոնավիրուսը Հայաստանում եւ կորոնավիրուսի ազդեցությունը քաղաքական դաշտի վրա: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Խմբակցության հերթական նիստ է: Որ ասեմ, կոնկրետ մի հարցի շուրջ ենք հավաքվել, ճիշտ չի լինի, օրակարգում եղել են 3-4 հարցեր: Ընդհանուր քննարկումներ են եղել, իհարկե, քննարկվել նաեւ երեկվա պարոն Ծառուկյանի հայտարարությունը»,-ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ պետք է 100 տոկոսով փոխել կառավարությունը, Ալեն Սիմոնյանը նկատեց. «ՀՀ-ում իշխանություններին փոխում է մեկ սուբյեկտ, դա ՀՀ քաղաքացին է: Ոչ թե գործարար, ոչ թե աշխատատու, ոչ թե մի խումբ մարդիկ, այլ փոխում է ժողովուրդը: Դա Գագիկ Ծառուկյանի անձնական կարծիքն է, որը հիմնված է նախկին հիշողության վրա, երբ ինքը երկար տարիներ համագործակցում էր ՀՀԿ-ի հետ: Նման հայտարարություններով միգուցե  ինչ-որ սակարկումների, խոսակցությունների եւ ինչ-որ բաների սկիզբ էր դնում: Սա այդ դեպքը չի: Մնացածի առումով, մենք շատ շուտով կտեսնենք, թե ինչ կլինի քաղաքական դաշտում, ինչ կլինի համացանցում մնացած լուրերի ու ասեկոսեների հետ կապված»:

Դիտարկմանը, թե կարելի՞ է իր ասածից հասկանալ, որ քանի որ Գագիկ Ծառուկյանի մերձավորների նկատմամբ կան քրեական գործեր, նա փորձում է նման խիստ քաղաքական դիրքորոշում որդեգրել, որպեսզի սակարկության մեջ մտնի իշխանությունների հետ, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ես որեւէ բանի հետ կապված երկակի խոսք չասացի, ես ասացի շատ ուղիղ եւ կարծում եմ՝ թե մեր հեռուստադիտողները, թե թե քաղաքական գործընկերները շատ լավ հասկանում են, թե ես ինչ եմ խոսում: Կարծում եմ՝ այս իրավիճակում քաղաքական դիվիդենտներ շահելու գործընթացն այնքան էլ ճիշտ չի եւ չի մոռացվելու: Մնացածը շատ մոտ ապագայում ամեն ինչ իր տեղը կընկնի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղխորհրդի արտահերթ նիստ էր անցկացրել, որի ժամանակ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը քննադատել էր իշխանություններին:

«Ես դեռ մեկ տարի առաջ ասել եմ, որ նման կազմով հնարավոր չէ ժողովրդին տված խոստումներն իրականացնել։ Այն ժամանակ ասել եմ, որ պետք է 97 տոկոսին փոխել, բայց հիմա ասում եմ` պետք է բոլորին փոխել։ Ժողովուրդը փորձադաշտ չէ»,-  ասել էր Ծառուկյանը։

Նշենք, որ այսօր «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում: