Պարոն Ծառուկյանի հայտարարությունն ինչ-որ չափով ուրախալի էր, որովհետեւ այնուամենայնիվ, ինչ տեղի է ունենում, կարելի է կոչել կոորդինատների ճշտում քաղաքական դաշտում: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Մենք բազմիցս ասել ենք, որ հեղափոխությունը բոլորին հնարավորություն է տվել զրոյական կետից սկսել: Ովքեր կօգտվեն՝ կօգտվեն, ովքեր չօգտվեցին՝ չօգտվեցին: Մենք միշտ իմացել ենք, որ մեր միակ եւ հուսալի դաշնակիցը ՀՀ քաղաքացիներն են: Երբեք իրենց չենք դավաճանել ու ու չենք դավաճանելու, իսկ մնացածը ճաշակի եւ քաղաքական հիշողության ինստինկտների հարց է»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղխորհրդի արտահերթ նիստ էր անցկացրել, որի ժամանակ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը քննադատել էր իշխանություններին:

«Ես դեռ մեկ տարի առաջ ասել եմ, որ նման կազմով հնարավոր չէ ժողովրդին տված խոստումներն իրականացնել։ Այն ժամանակ ասել եմ, որ պետք է 97 տոկոսին փոխել, բայց հիմա ասում եմ` պետք է բոլորին փոխել։ Ժողովուրդը փորձադաշտ չէ»,-  ասել էր Ծառուկյանը։

Նշենք, որ այսօր «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում: