Ես վարչապետի հրաժարականը պահանջողներին ցանկանում եմ, որ բոլորը մի տեղ հավաքվեն, որովհետեւ այդպես բոլորի համար շատ հստակ լինի, թե ով ով է: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք վարչապետի հրաժարականը պահանջող բոլոր ուժերը՝ Միքայել Մինասյան, Վանեցյան, ՀՀԿ-ականներ, Ծառուկյան եւ այլն, պայմանավորվածության են հանգել մեկ ընդհանուր ճակատով գրոհ կազմակերպեն իշխանության դեմ:

«Ես վստահ եմ, որ Ծառուկյանի երեկվա հայտարարությունը, թե պատրաստ ենք քննարկումների բոլորի հետ, իրականում չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ շատ տարբեր ինֆորմացիաներից գիտեմ, որ այդ հանդիպումներն արդեն տեղի են ունեցել: Խոսքը նշված ուժերի մասին է: Բայց մեզ համար ՀՀ քաղաքացիների համար շատ ավելի լավ կլինի, որ  բյուրեղացման պրոցես գնա, եւ բոլորն իմանան՝ ով ով է: Որովհետեւ շատ հաճախ քաղաքական պրոցեսները ԱԺ-ում թաքնվում են, օրինակ, ինչ-որ իրավական ձեւակերպումների մեջ, որոնց մեջ մարդիկ հաճախ չեն խորանում: Իսկ այս դեպքում՝ հստակեցում կլինի՝ ով ով է»:

Հարցին, թե ինչ նկատի ունի բյուեղացման գործընթաց ասելով, ԱԺ նխագահն ասաց. «Բյուրեղացման պրոցեսն այն է, որ իրերը կոչենք իրենց անունով: Երբ մարդիկ, քաղաքական ուժերը, որոնք կարոտում են նախկին բարքերը, այն կարգավիճակը, այն հնարավորությունները, որոնք ունեցել են հին Հայաստանում եւ դա թաքցնում են քաղաքական ինչ-ինչ անհամաձայնությունների ներքո, բացեիբաց սկսեն ասել, եւ սկսել են արդեն ասել, որ իրենց ուզածն այն է, ինչ եղել է անցյալում: Բայց դրան վերադարձ չկա ու չի լինելու: Այն ֆալստարտը եւ ինքնախաբեությունը, որ այսօր տեղի է ունենում, ինձ համար հոգու խորքում ուրախալի է»: