Անկախ ամեն ինչից, մենք պետք է արձանագրենք, որ հասել ենք կրիտիկական վիճակի եւ արդեն իսկ քայլում ենք դժոխքի միջով: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սրա լուծումը գոնե միջնաժամկետ կարող է լինել մի բան, որ իսկապես տոտալ հակահամաճարակային շարժում սկսվի ՀՀ-ում, մեզնից յուրաքանչյուրն առաջնորդվի այն կանխավարկածով, որ հիվանդանոցային տեղերի պակասի պատճառով կարող է մահանալ ինքը, իր հարազատը: մեզնից յուրաքանչյուրը պետք է առաջնորդվի այն կանխավարկածով, որ ինքը վարակված է եւ չպետք է վարակի մյուսներին»,-ասաց նա:

Վարչապետը տեղեկացրեց, որ ԱՀԿ-ն վերանայել է դիմակների հետ կապված իր նախկինում արված գնահատականը. «Նրա այսօրվա գնահատականը ճշգրիտ համապատասխանում է մեր կայացրած որոշումներին: Ուրեմն տոտալ հակահամաճարակային շարժման խնդիրներից մեկը պետք է լինի չեզոքացնել հակաքարոզչությունը հակահամաճարակային գործողությունների վերաբերյալ եւ իրականացնել տոտալ աջակցություն կառավարությանը իր հակահամաճարակային քայլերի մեջ: Մենք այս իրավիճակից ունենք մի ելք, թեկուզ  դժոխքի միջով քայլելիս, պետք է դուրս գանք հակառակ կողմից:

Ես զարմանում եմ, որ ստանում եմ լուսանկարներ, որտեղ հարյուրավոր մարդկանց մասնակցությամբ տեղի են ունենում հուղարկավորության արարողություններ: Այն պարագայում, երբ արդեն մոտ տասնյակի չափ բնակավայրեր են փակվել հուղարկավորություններից տարածվող դեպքերի առնչությամբ:

Մենք արդեն հատել ենք այն եզրը, որից այն կողմ դժոխային իրավիճակ է: Բայց ես ուզում են նաեւ ասել, որ կառավարությունը այս իրավիճակում երկու քայլ է անում. Առաջինը ուղիղ, անկեղծ խոսում եւ հաղորդակցվում է հանրության հետ, ներկայացնում է ճշմարտությունը, երկրորդ, բոլոր միջոցները ձեռնարկվում են հիվանդանոցային  մահճակալային եւ վերակենդանացման տեղերն ավելացնելու համար»,-հայտարարեց նա: