Լեհաստանի իշխանությունները հուսով են, որ Գերմանիայից ամերիկյան զորքերի պլանավորված մասնակի դուրսբերումից հետո ԱՄՆ զինծառայողները կտեղակայվեն իրենց երկրի տարածքում։ Այս մասին շաբաթ օրը RMF24 ռադիոկայանի եթերում հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։

Նա վկայակոչել է ամերիկյան ղեկավարության հետ այդ հարցով բազմաթիվ բանակցությունները։ «Այժմ որոշելու հերթը ԱՄՆ-ինն է»,- հավելել է նա։

Նախօրեին ԶԼՄ-ներում հայտնվել էր տեղեկատվություն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է ավելի քան քառորդով կրճատել Գերմանիայում տեղակայված ամերիկյան զորքերի թիվը, հայտնում է DW-ն։

The Wall Street Journal-ի տվյալներով՝ համապատասխան հանձնարարականն արդեն ստորագրել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը։

Այդ տեղեկատվության համաձայն, մինչեւ սեպտեմբեր ԳԴՀ-ից պետք է հեռանա 9500 ամերիկյան զինվոր եւ սպա, իսկ ԱՄՆ զինծառայողների առավելագույն թիվը, որոնք կարող են միաժամանակ գտնվել ԳԴՀ-ում, կսահմանափակվի 25 000-ով։ Սպիտակ տանը եւ Պենտագոնում, ինչպես նաեւ Բեռլինում դեռեւս չեն հաստատել եւ չեն հերքել այդ տեղեկատվությունը։ Ներկայում Գերմանիայում տեղակայված է 34500 ամերիկացի զինվորական։