Լեգենդար ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի կինը՝ Սվետլանա Շչերբատյուկ-Փարաջանովան, մահացել է շաբաթ օրը, հունիսի 6-ին, Կիեւում՝ կյանքի 82-րդ տարում, հայտնում է Рупор-ը։

Վերջին տարիներին նա ապրում էր որդու՝ Սուրեն Փարաջանովի հետ՝ մայրաքաղաքի կենտրոնում, Պիրոգովի 2 հասցեում։

Տիկին Սվետլանայի մահվան մասին Facebook-ում հայտնել է «Լիրա» կինոթատրոնը։

«Ցավոք, ստիպված ենք տխուր լուր հայտնել։ Այսօր, 2020թ․ հունիսի 6-ին, հավերժության գիրկն անցավ Սվետլանա Շչերբատյուկը՝ Սերգեյ Փարաջանովի կինը»,- ասվում է գրառման մեջ։

Այս ծանր օրը մեջբերում ենք կինոգետ Օկսանա Մուսիենկոյին, ով «Մտորումներ «Խոստովանանք» գրքի վրա» հրապարակման մեջ հիշում է Սվետլանայի հետ իր ծանոթանալը․

«Ես նրա հետ ծանոթացա արդեն համալսարանում սովորելիս: Իսկ ընկերացանք արդեն այլ ժամանակներում, երբ Սերգեյը հայտնվեց ճաղերի հետեւում: Ես ցավ եմ ապրում, երբ վարպետին նվիրված հրապարակումների ծանուցումներում կարդում եմ․ «Ս. Շչերբատյուկը՝ Փարաջանովի նախկին կինը»: Սվետլանան երբեք չի եղել «նախկին»: Նույնիսկ երբ նրանք պաշտոնապես բաժանվեցին, նա մնաց իր սիրելի որդու` Սուրենի մայրը: Եվ, ամենակարեւորը, նրա սերն ու աջակցությունը նա զգում էր բանտարկության բոլոր տարիներին: Գուցե առանց նրանց նա չգոյատեւեր էլ: Ես Սվետլանային «դեկաբրիստուհի» էի անվանում: Այո, նա կորցնելու բան ուներ, երբ բացահայտ եւ միանշանակ հայտարարեց, որ չի պատրաստվում խզել հարաբերությունները որդու հոր հետ: Նա կորցրեց աշխատանքը համալսարանում, որտեղ ռուսերեն էր դասավանդում օտարերկրացիներին, նրան արգելվեց արտասահման մեկնել: Սակայն նա չդադարեցրեց նամակագրությունը բանտարկյալի հետ, չդադարեց ծանրոցներ ուղարկել կալանավայր, եւ, ամենակարեւորը, չդադարեց բախել բոլոր դռները, որպեսզի ինչ-որ կերպ թեթեւացնի Սերգեյի ճակատագիրը»:

Սվետլանա Շչերբատյուկ-Փարաջանովան ծնվել է 1938թ․ սեպտեմբերի 5-ին։ Նա դիվանագիտական առաքելության աշխատակիցների դուստր էր։ Ամուսնացել է 16 տարեկան հասակում, մասնագիտությամբ թարգմանիչ էր, մասնավորապես՝ ռուսերեն էր դասավանդում արտասահմանցիներին։