Երեւանի թիվ 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը իր հետ կատարվածում միտում  է տեսնում իր հանդեպ: Այս մասին նա ասել է Aravot.am-ի հետ զրույցում:

Ինչ վերաբերում է  իր հասցեին սոցցանցում արված որոշ անհաճո գրառումներին, տիկին Կոստանյանն ասաց, որ չի ճանաչում դրանց հեղինակներին, որովհետեւ իր շրջանավարտներից միայն դրական արձագանքների է միշտ արժանացել ու նրանց իննսուն տոկոսին հիշում է:

Նա որոշ մանրամասներ ներկայացրեց կատարվածից. «Իմ աշխատասենյակում է դա եղել, անգամ մի բազկաթոռ չենք տեղաշարժել, հինգ րոպեից ավել չէր կարող ձգվել, որովհետեւ պետք է գրաֆիկի մեջ տեղավորվեինք: Եթե դա նախապես պլանավորված միջոցառում լիներ, ուրիշների նման տարածքը կձեւավորեինք, էլի եմ կրկնում, դա  ինքնաբուխ մի բան էր՝ երեխաների երախտագիտությունը արտահայտելու յուրատեսակ դրսեւորում… Մայիսի 25-ին ԿԳՄՍ նախարարի  հրահանգի համաձայն պետք է շրջանավարտներին հանձնվեր միջնակարգ կրթության վկայականները, գրաֆիկ  էինք նախապես կազմել, յուրաքանչյուր դասարանից չորսից վեց աշակերտ պետք է գար, երկուական մոտենային տնօրենին եւ ստանային իրենց ատեստատները: Սա  12/4 դասարանն էր: Երբ սպասում էի, որ հերթով մտնեին, անակնկալ  ներս մտան՝ հեռախոսով միացրած Վերջին զանգի երաժշտությունը: Երբ ներս մտան, տղաներից մեկն ինձ բերեց մեջտեղ, մեկ րոպե պարեցինք, ուզեցի ուրախ ճանապարհել իրենց, հատկապես որ դա իրենց վերջին օրն էր դպրոցում: Սա եղավ շատ մեծ պատմություն, իհարկե ես պետք է հասկանայի, պետք է զգայի, որ այդպես չպետք է լիներ… »,- հավելեց մեր զրուցակիցը: Պատասխանելով մեր հարցին՝ տիկին Կոստանյանը նաեւ նշեց. «Պարետատան որոշումը խախտելու համար տուգանք է հասնում, ես բոլոր որոշումները նայել եմ, կարող էին ինձ տուգանել: Սա մասսայական միջոցառում չէր, եթե տեսանյութը ուշադիր նայեք, կտեսնեք, որ անգամ մեկ բազկաթոռ տեղից շարժված չէ, մի աթոռ անգամ չի տեղափոխվել: Եթե միջոցառում պետք է լիներ, մենք պետք է նախապես պատրաստվեինք,  կամ ոնց կլինի՝ մի դասարանի համար միջոցառում անենք, մյուսների համար՝ ոչ: Չէ՞ որ դու մանկավարժ ես, չես կարող անարդար գտնվել մյուսների նկատմամբ կամ տարբերություն դնել: Երեխաները տասներկու տարի սովորել են դպրոցում, դա իրենց անակնկալն էր: Իրենք դասղեկի հետ էլ չեն խորհրդակցել, տասնյոթ-տասնութ տարեկան երեխեք են, ինքնաբուխ այդպիսի քայլ են արել, անգամ ծնողներն են դեմ եղել: Ես հետո այս օրերի մեջ պարզում եմ, որ երեխաները դպրոցից տուն են գնացել եւ ասել են՝  փաստորեն այսպես ավարտեցինք: Ընդամենը հինգից-յոթ րոպե տեւածի համար կարելի՞ է հարամ անել դպրոցի եւ երեխաների գլխին»:

Նշենք, որ շրջանավարտների հետ հանդիպման փոքրիկ տեսանյութը հայտնվել  է վարչապետի էջում, ինչից հետո  ԿԳՄՍ նախարարությունից աշխատանքից ազատման դիմում գրելու պահանջ են դրել տիկին Կոստանյանի առաջ: