Վարչապետի մամուլի խոսնակի  ֆեյսբուքյան գրառումը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին ի պատասխան, շանտաժ էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«Դա շանտաժի էր նմանվում, որովհետեւ եթե շանտաժ չլիներ, երկու տարի ժամնանակ ուներ վարչապետն իր ասածն ապացուցելու, սակայն  2 տարվա ընթացքում ընտրակեղծիքների որեւէ դեպք չի բացահայտել: Իրավապահ համակարգն էլ վնգստացողների համակարգ է, սա նշանակում , որ եթե իրականում փաստ կա, նա կարող է բացահայտել, սակայն խնդիրն այն է, որ նա չի կարողանում բացահայտի: Այսինքն` ժամանակին իրենք քրեական գործ չեն հարուցել, հիմա էլ փորձում են հին, նախկինում գործած ոչ ազնիվ մեթոդներով` այսինքն քրեական գործեր դնել շրջանառության  մեջ եւ քրեական գործերով փորձել շանտաժ անել մարդկանց, որ իրենց ենթարկվեն: Ինքը չի հասկանում, որ հիմա 2018 թվականի ապրիլը չի, մայիսը չի, հիմա 2020 թվականի հունիսն է, լրիվ իրավիճակը  փոխվել է, ինքը հիմա նախկին Նիկոլ Փաշինյանը չէ, սա է, որ ինքը չի հասկանում»,-ասաց քաղտեխնոլոգը:

Արմեն Բադալյանը նշեց, որ Ծառուկյանը իշխանափոխության հայտ է ներկայացնում, թե գործընթացները ոնց կզարգանան, դա արդեն անկանխատեսելի է:

«Նա հիմա ասում է, որ  պետք է փոխվի Կառավարությունը, թե սրան  ակտիվ գործողություններ կհարջորդեն, թե չէ, չեմ կարող ասել: Մեկ շաբաթից արտակարգ դրությունը ավարտվում է եւ եթե վերացվեց արտակարգ դրության ռեժիմը, շատ ակտիվ քաղաքական գործընթացներ կարող են սկսվել»,-ասաց նա:

Անդրադառնալով այն հարցին, թե որ կուսակցությունների հետ կարող է համագործակցել Ծառուկյանը, նա նշեց, որ այդքան էլ շատ չեն ուժերը, որոնց հետ կարող է Ծառուկյանը համագործակցել, սակայն պետք է կենտրոնանալ ոչ թե քանակի այլ որակի վրա. «Եթե նույնիսկ 3-4 ուժով կարողացան միավորվել ուրեմն  վարչապետի դիրքերը թույլ են»:

Հիշեցնենք, որ երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղխորհրդի արտահերթ նիստ էր անցկացրել, որի ժամանակ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը քննադատել էր իշխանություններին:

«Ես դեռ մեկ տարի առաջ ասել եմ, որ նման կազմով հնարավոր չէ ժողովրդին տված խոստումներն իրականացնել։ Այն ժամանակ ասել եմ, որ պետք է 97 տոկոսին փոխել, բայց հիմա ասում եմ` պետք է բոլորին փոխել։ Ժողովուրդը փորձադաշտ չէ»,-  ասել էր Ծառուկյանը։

Վարապետի մամուլի խոսնակն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. 'Կարծում եմ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետեւ Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաեւ՝ ապօրինի ձեռքբերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ»: